Այս էջը հաստատված է

Եվ իրավ, եթե մենք երկու օտարներ լինեինք, դեռ նոր միմյանց հետ ծանոթացած, հարկավ ամենաթեթև մտերմական խոստովանությունն էլ մի հայտնի ժամանակից ետ կարող էինք անել միմյանց. այսինքն երբ արդեն միմյանց բնավորություն բավական ուսումնասիրած կլինեինք։ Բայց մենք, որ մանկությունից արդԵն ճանաչում ենք միմյանց, ապրել մեծացել ենք միասին իբրև քույր և եղբայր—կարծեմ կարիք չունինք մի որևէ խոստովանության համար որոշ ժամանակի սպասելու. ուրեմն լսեցեք ինձ։— Այն օրից սկսած, երբ ես առաջին անգամ տեսա ձեզ ուսումնարանում և իմ երևելի հիշողության շնորհիվ ստիպվեցա Սերոբյանի միջոցով նորոգել ձեզ հետ իմ բարեկամությունը, այդ օրից սկսած դուք դարձաք իմ մտածմունքների միակ առարկան։ Մինչև այն րոպեին, երբ ես կրկին անգամ արժանացա ձեր տեսության, ժամերը օրերի չափ երկարացել էին ինձ համար. իսկ այն րոպեից սկսած, երբ ես դուրս եկա ձեր տնից, ես իմ հանգիստը կորցրի բառի բուն նշանակությամբ։ Ամեն տեղ և ամեն կողմ ես ձեզ էի պտրտում և ձեզ վերա մտածում։ Իսկ այսօր առավոտվանից արդեն ես հաստատապես սպասում էի ձեր գալստյան, որովհետև իմ նախազգացմունքը ասում էր ինձ, որ դուք անպատճառ կգաք ինձ տեսնելու: Իրավունք ունեի՞ արդյոք ձեզ սպասելու, թե ոչ. ճիշտը դուք կարող եք իմանալ, բայց որ նախազգացումը ինձ չխաբեց, դրա ապացույցն ա՛յն է, որ ահա՛ դուք այստեղ, ինձ մոտ եք։ Այս էր իմ խոստովանության գաղտնիքը, որը, ինչպես տեսնում եք, միայն մի քանի հասարակ ճշմարտություններ է պարունակում յուր մեջ…

— Որոնք արտահայտված են բավական համարձակ կերպով,— նկատեց օրիորդը և ապա խոսքը փոխելով հարցրեց.

— Ո՞ւր է ձեր մայրը, ես կամենում էի նրան էլ տեսնել։

— Նա դեռ երկեղեցուց չէ վերադարձել և երևի շատ չի ուշանալ այնտեղ, բայց մի՞թե իմ ներկայությունը ձեզ արդեն ձանձրացրեց։

— Ես այդպես բան չասացի։

— Ուրեմն իմ խոստովանությունը ձեզ վշտացրե՞ց։