Այս էջը հաստատված է

ճառագայթների հետ։ «Ահա այսպես էլ ամեն բանում տիրում է մեռելություն,— կամաց֊կամաց քայլելով մտածում էր նա ինքն իրեն.— գիշերվա ժամերի նման մարդկանց սրտերն էլ քնած են, արևի ջերմությունն է միայն, որ կարող է կյանք ներշնչել նրանց մեջ, բայց ո՞ւր գտնենք այն մարդը, որ արևի գունդը ծածկած ունենա յուր կրծքում… Խեղճ Պետրե, և դու քո տգիտության համար չարաչար պատժվեցար. ի՛նչ հարկավոր էր անկեղծ լինել այնտեղ, ուր անկեղծության մասին գաղափար չունին մարդիկ…»։

Պետրոսը յուր անհաջող խոստովանության մասին էր խոսում, որի պատմությանը նախընթաց գլխից արդեն ծանոթ են մեր ընթերցողները։

Մի տաս րոպեից ետ նա հասավ այն խուլ փողոցին, որի վերա էր գտնվում իրենց տունը, կից Աստղիկենց տան: Հասնելով նրանց պարտեզի ցանկապատին, նա անզգուշաբար կանգ առավ նրա առաջ, նայեց դեպի պարտեզը և զարմացմամբ նշմարեց մի սպիտակազգեստ երևույթ, որ նստած էր ծառերից մեկի տակ, փոքրիկ նստարանի վերա։ Նա նմանում էր մի մարմարիոնե արձանի, որով քանդակագործը կամեցել էր պատկերացնել գիշերային աստվածուհիներից մինին… Երևույթը չէր շարժվում. բայց նրա աչքերը, որոնք ուղղված էին դեպի լուսնի պայծառ շողերը, փայլում էին ինչպես երկու արեգակներ։ Պետրոսը հիացմամբ նայում էր նրանց վերա․ գիշերային խորհրդավոր գեղեցկուհին նրա հոգին դյութել, հափշտակել էր․ և նա չէր համարձակվում ամենափոքր շշունջ անգամ հարուցանել յուր աստվածուհու մենավոր մտածմունքները չխանգարելու համար։

Վերջապես երևույթը, որ նույն ինքը Աստղիկն էր, շարժվեցավ տեղից և մի քանի քայլ առաջացավ դեպի ցանկապատը, կարծես նա զգաց, որ այնտեղ դիտում են իրեն։

Պետրոսը արագությամբ, բայց թեթև քայլերով ետ փախավ դեպի փողոցը՝ չկամենալով յուր գաղտնի ներկայությամբ վախեցնել սիրուհուն, և այնտեղից նորեն լսելի ոտնաձայնով սկսավ առաջանալ դեպի պարտեզը։ Երբ նա հասավ ցանկապատին, նրա ետևում արդեն կանգնած էր սպիտակ երևույթը, որ իսկույն ճանաչեց Պետրոսին։