Այս էջը հաստատված է

—Ավելի լավ կլիներ հարցնել, թե ինչո՞ւ ինքդ քեզ տանջեցիր…

—Ինքդ քե՞զ։

—Այո՛, ինքս ինձ. որովհետև անցյալ օրվա իմ լռությունով քեզ միայն մի վիշտ պատճառեցի ես, բայց ինձ՝ երկու։

—Ես քեզ չեմ հասկանում։

—Ես շատ պարզ խոսեցի. բայց էլի կբացատրեմ իմ ասածը։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, իմ սիրտը ու միտքը քեզ հետ էր։ Իհարկե ես դեպի քեզ սեր չէի զգում, որովհետև սերը այն ժամանակ դեռ մի անծանոթ զգացմունք էր ինձ համար, բայց ես միշտ հիշում էի քեզ ինչպես իմ միակ և լավ ընկերին։ Եվ որովհետև դու ճանապարհվելու ժամանակ ինձ հրաժեշտի ողջույն տալու չեկար, հենց այդ պատճառով էլ ես քո վարմունքը չկարողացա մոռանալ։ Ես իմ մտքում դրի սպասել քեզ մինչև այն օրը, երբ դու կվերադառնայիր Թիֆլիսից ավելի խելոք ու մեծացած և ես քեզ կամաչեցնեի հիշեցնելով քեզ քո վարմունքը… Կարող էր պատահել, որ ժամանակի հետ ապրելով ես կամաց-կամաց մոռանայի քեզ. բայց քո գնալուց ետ՝ մայրդ միայնակ մնալով սկսավ ստեպ-ստեպ հաճախել մեզ մոտ։ Նա յուր միակ ուրախությունը գտնում էր իմ մոր ընկերակցության մեջ։ Հետզհետե նա այնքան ազնիվ և այնքան բարի կին երևաց ինձ, որ ես կապվեցա նրա հետ ջերմ, որդիական սիրով. նա նույնպես յուր կողմից սկսավ սիրել ինձ մայրական քնքշությամբ։ Հաճախ նա իմ մոր հետ խոսում էր քո մասին, քո նամակները բերում էր ինձ կարդացնելու. քեզ վերա նամակներ էր գրել տալիս ինձ և շատ անգամ խորհրրդավոր ակնարկություններ էր անում այն երջանիկ միության առթիվ, որ ինքը կամենում էր պատրաստել մեր երկուսի համար։

Այս բոլորը հետզհետե ինձ վերա այն ազդեցությունն արին, որ մի գեղեցիկ օր ես սկսեցի հետաքրքրվել քեզանով ավելի, քան որքան իրավունք ունեի ես։ Քո նամակները ես կարդում էի ուշադրությամբ. քո խոսքերը կշռում էի, քո