Այս էջը հաստատված է

որդուն, համբուրեց ճակատը և ուրախության արտասուքը աչքերում ասաց.

— Սիրելի Պետրե, դու լցրիր իմ բոլոր ակնկալությունները, և ես ուրախ եմ։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, Աստղիկը իմ սիրելի աղջիկն էր և նա փոխարինում էր Պետրեին։ Նրա մայրը իմ միակ բարեկամուհին էր և ես սիրում էի նրան։ Այն օրից սկսած, որ իմ սիրտը մտերմացավ նրանց հետ, ես իմ մտքումս դրի անպատճառ առնել Աստղիկին քեզ համար, որովհետև նա մի հրեշտակ էր, որ կարող էր քեզ երջանիկ անել… Իմ միտքը ես հայտնեցի Եղիսաբեթին, որ նույնպես չափազանց ուրախացավ։ Շատ անգամ երկու մայր միասին նստած խոսում էինք ձեր ապագա միության և երջանկության համար և մխիթարվում էինք մեր հույսերով։ Բայց երբեմն էլ ես տխուր էի շատ, մտածելով, թե գուցե մի որևէ աղջիկ կգրավեր քեզ Թիֆլիսում և դու էլ չէիր մտածիլ քո մորդ ուրախացնելու վերա… օ՜, ինչպես տխուր էի լինում ես այդպիսի ժամանակ. Աստղիկից զրկվել՝ այդ միևնույն էր, թե քեզանից զրկվել. բայց ես երկուսիդ էլ սիրում էի իմ աչքերի լույսից ավելի… Այժմ իմ ուրախությանը չափ չկա, Պետրե, օրհնյալ լինիս դու, որ այդքան մեծ ուրախություն ես պատճառում քո մորը, որ քեզանից զատ ուրիշ ուրախություն չունի… — Այս ասելով նա կրկին անգամ գրկեց որդուն և ջերմաջերմ համբուրեց նրան:

Պետրոսը, որ այդքան չէր սպասում յուր մորից, ուրախության յոթներորդ երկինքն համբարձավ, նա այժմ ապահովված էր, որ Աստղիկը իրենն է և երկրային ոչ մի ուժ էլ չէր կարող հափշտակել նրան յուր գրկից:

Իսկ Հռիփսիմեն այս ուրախ նորությունը լսելուց ետ էլ տանը նստել չկարողացավ. նա շտապեց յուր սիրելի բարեկամուհու մոտ և հայտնեց նրան ամեն բան մանրամասնաբար։ Տիկին Եղիսաբեթը մի քանի աստիճան ավելի ուրախացավ տ. Հռիփսիմեից. և այդ բնական էր, որովհետև միշտ փորձված է, որ ավելի դժվար է լավ փեսացու ընտրել աղջկա համար, քան լավ հարսնացու՝ փեսացուի համար։ Եղիսաբեթը, իհարկե, շատ պատճառներ ուներ, որոնք պետք է ավելի ուրախացնեին նրան։ Առաջին և գլխավորը այն էր, որ