Այս էջը հաստատված է

միասին իջնե նրա վերա և քո հոր օրհնությունը, որի հոգին ներկա է այստեղ իբրև մեր ուրախության մասնակից…

Պետրոսր վերցրեց մատանին, համբուրեց նրան ջերմեոանդությամբ, բայց երկու խոշոր արտասուքներ գլորվեցան նրա աչքերից նշանադրության մատանու վերա… նա հիշեց յուր հորը, որին ավա՜ղ նա երբեք չէր ճանաչել…

Երբ նա մատանին հագցրեց յուր հարսնացուի ձեռքը և դրոշմեց նրա շրթունքներին պաշտոնական համբույրը, Աստղիկը սրտաշարժ ձայնով շշնջաց նրա ականջին. «Պետրե, ինչո՞ւ առաջին անգամ արտասուքով լվացիր դու իմ նշանադրության մատանին…»։ Պետրոսը ցնցվեցավ ամբողջ մարմնով և զղջման հայացք ձգեց յուր սիրուհու վերա։ Սակայն շուտով երկու մոր գրկախառնությունն ու համբույրները մոռացնել տվին նրանց տխուր նախազգացմունքի ազդեցությունը և մի ընտանեկան փոքրիկ ուրախություն պսակեց նշանադրության պարզ և անպաճույճ հանդեսը։

Այդ օրից սկսած Պետրոսն ու Աստղիկը գրեթե ամեն օր միմյանց մոտ էին լինում, միասին խոսում, դատում, կամ կարդում էին, ծիծաղում և ուրախանում էին, իսկ շատ անգամ էլ իրենց մայրերի հետ միասին զբոսանքի էին գնում, որի ժամանակ նրանք հաճությամբ զանազան փիլիսոփայություններ էին անում սիրո, կյանքի մասին։ Այս պատճառով էլ երկու երիտասարդ սրտերի մեջ օրըստօրե ավելի աճում ու զորանում էր այդ սիրո նվիրական զգացմունքը։ Մի օր սարսափելով տեսան նրանք, որ էլ միմյանցից անբաժան ապրել չեն կարողանում և չգիտեին ինչ հնար գործ գնել՝ կրակի ջերմությունը մի քանի աստիճան պակասեցնելու համար։

Եվ այդ, իհարկե, անհրաժեշտ էր, որովհետև Պետրոսը պետք է վերադառնար Թիֆլիս. նրան մնում էր դեռ էլի մի երկու տարի գիմնազիոնը՛ ավարտելու համար։ Եվ եթե նրանք աստիճանաբար չվարժեցնեն իրենց միմյանցից անջատ ապրելուն, այդ հանգամանքը կարող էր արգելք լինել Պետրոսի առաջադիմության, մանավանդ որ բացի գիմնազիական կուրսը, Պետրոսը դեռ պետք է համալսարան էլ գնար։ Աստղիկր նրան ասել էր, որ չի ամուսնանալ նրա հետ, մինչև որ համալսարանից ավարտման վկայականը ձեռքին չվերադառնա: