Այս էջը հաստատված է

նա հայրենիք։ Այս խոսքը, թեպետ կատակով արտասանված, բայց նա չէր կարող առանց ազդեցության անցնել Պետրոսի նման զգայուն և պատվասեր երիտասարդի համար։ Այս պատճառով նա առաջինը օրինակ տվավ յուր սիրուհուն զգացմունքների ջերմությունը չափավորելու համար։

Որովհետև արձակուրդի ժամանակ մոտենում էր վերջանալուն, ուստի Պետրոսը երբեմն ամբողջ օրով տանից դուրս չէր գալիս և զբաղվում էր դասերի կրկնությամբ.Աստղիկն էլ յուր կողմից զգուշանում էր նրան խանգարելու, այսպիսով երկու սիրահարները հետզհետե վարժվում էին միմյանցից հեռու մնալուն։

Վերջապես հասավ վերջնական բաժանման օրը։ Պետրոսը ջերմությամբ գրկեց յուր սիրուհուն, համբուրեց նրան և հեռացավ, բայց նրա կառքը դեռ չէր անհետացել, երբ երկու սիրահարներն էլ գրեթե միաժամանակ զգացին, թե ո՜րքան ապարդյուն էր արհեստական ճանապարհով զգացմունքների ջերմությունը չափավորելու աշխատանքը։

Առաջիկա ուսումնական տարին Պետրոսը Թիֆլիսում մնալով, ավելի եռանդով սկսավ աշխատել յուր ուսման գործում. և չնայելով, որ նա այժմ սիրահարական կյանքով էր ապրում և յուր Աստղիկին անընդհատ նամակներ գրելը նրանից շատ ժամանակ էր խլում, այսուամենայնիվ քննությունների ժամանակ նա դարձյալ պատվավոր մրցանակով փոխեց դասատունը և կրկնակի ուրախությամբ կրկին վերադարձավ հայրենիք յուր սիրեցյալ Աստղիկի մոտ։

ԺԹ

ԱԿԱՄԱ ՎԵՐԱԴԱՐՁ

Վերջին տարին Պետրոսը եկավ Թիֆլիս մի որոշ ժամանակ հայրենիք չվերադառնալու պայմանավ։ Գիմնազիոնը ավարտելուց ետ նա պիտի ուղևորվեր Պետերբուրգ համալսարան մտնելու համար։ Այս գիտեր Աստղիկը, գիտեր և տ. Հոիփսիմեն, բայց երբ պ. Թովմասը հայտնեց վերջինիս, թե արդեն հեռագրել է Պետրոսին Թիֆլիսից վերադառնալու.