Այս էջը հաստատված է

մեջ պատահող անախորժությունները, որոնք միշտ համբերությունից հանում են ճանապարհորդին, դարձյալ չգրգռեցին և չզայրացրին Պետրոսին, և հենց այդ էր պատճառը, որ երեք օրվա ճանապարհը նա ստիպված էր չորս օրվա մեջ գալու։ Կայարաններում ծառայողները թեպետ միշտ անխիղճ, և աներկյուղ են լինում, և ճանապարհորդի բողոքելու միջոցից զուրկ լինելը նրանց ավելի է քաջալերում կոպտությամբ և անքաղաքավարությամբ վարվելու անցորդի հետ, այսուամենայնիվ գոռալու և որոտալու շնորհք ունեցող մարդիկ երբեմն կարողանում են ազդել նրանց վերա։ Բայց որովհետև Պետրոսը այդ շնորհքից զուրկ էր, հետևապես նա պարտավոր էր մի օր ավելի ապրել ճանապարհին։

Մի գեղեցիկ և հովաշունչ առավոտ էր, երբ Պետրոսը մոտեցավ յուր հայրենի քաղաքին։ Առաջին անգամ, որ նա տեսավ հեռվից նրա սպիտակ պարիսպները իրենց բոլորշի աշտարակներով, յուր սիրտը լցվեցավ ակամա ուրախությամբ և նրա հոգին, որ մինչև այն ճնշված էր հոգսերի ծանրության տակ, ազատություն առնելով սլացավ դեպի այն հարկերը, ուր յուր մայրը և Աստղիկն էին բնակվում։ Հասնելով մի փոքրիկ գետակի, որ քաղաքի բարձրավանդակի ստորոտն էր ոռոգում, նա ցած իջավ կառքից, մոտեցավ նրան և չոքելով ջրի ծփանքներով լվացված սալաքարի վերա, ախորժանոք խմեց և լվացվեցավ։ Հետո կանգ առավ մի քանի րոպե գետակի ափում, ուշադրությամբ դիտեց նրա ականակիտ ալիքները և զմայլեցավ նրանցով։ Ամբողջ տասներկու ամիս Քռի պղտոր և տգեղ երեսը տեսնող գավառացու վերա հարկավ գրավիչ և զմայլեցնող ազդեցություն պիտի աներ հարազատ հայրենյաց վճիտ գետակը յուր կարկաչահոս ալիքներով․․․ ով որ ապրել է բնության հարստության մեջ, նա ճանաչում է առվակի մրմունջը, ծառերի շրշյունը, զեփյուռի շունչը. ով որ գիտե, թե ի՞նչ է անտառը, հովիտն ու արոտը, լեռան ստորոտը և գնահատում է ապականությունից ազատ կուսական օրերը, նա կհասկանա, իհարկե, նաև Պետրոսի զմայմունքի պատճառը։

Վերջապես մի ժամից հետո մեր ճանապարհորդը հասավ տուն։ Պ․ Թովմասը առաջինն էր, որ պատահեց եղբոր որդուն