Այս էջը հաստատված է

— Ինչպե՞ս եք ուրեմն հրամայում, որ ես գործեմ։

— Ամուսնացիր Մելքոն-աղայի աղջկա հետ, նստիր իմ տանը և վայելիր իմ բոլոր կարողությունը. ահա իմ խնդիրը քեզանից։ Մի՞թե սրա կատարելը մի դժվար գործ է։

— Չեմ կարող։

— Եթե այդպես է, ես էլ չեմ կարող պահել ո՛չ քեզ և ո՛չ էլ քո մորը. այսօր ևեթ դուք կարող եք թողնել իմ տունը։

Այս խոսքերը արտասանվեցան այնպիսի մի վճռական ձայնով, որ խեղճ Պետրոսի արյունը սառեցավ երակներում։ Երկու րոպեի մեջ նա պատկերացրեց յուր առաջ այն կործանված դրությունը, որ կարող էր պատրաստել նրանց համար հորեղբոր անողոք վճիռը։ Առանց այդ մարդու օգնության մայր և որդի քաղցությունից կարող էին մեռնել, սա այնպիսի ճշմարտություն էր, որի հետ կատակ անել չէր կարելի։

Այս պատճառով Պետրոսը մտածեց խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսներ, թե բանը ինչո՞վ է վերջանում։

— Եթե մինչև անգամ ես հոժարվիմ ամուսնանալ, դեռ պետք է աղջկանը տեսնեմ, քննեմ նրան և ուսումնասիրեմ,— սկսավ խոսել Պետրոսը.— եթե կարողացա հավանել նրան, ինչ խոսք ունիմ` կամուսնանամ. բայց եթե չհավանեցի, դուք խո չեք կամենալ, որ ես ինձ դժբախտացնեմ։

— Հա՛, ես քեզ կտանեմ Խալաթյանի տունը. կծանոթացնեմ նրանց ընտանիքի հետ. նստիր այն աղջկա մոտ, ժամերով խոսիր նրա հետ, քննիր նրան ինչպես որ դու կամենաս. և ի վերջո եթե կհավանես, խո լավ, եթե չես հավանիլ, ի՞նչ խոսք ունիմ, կարող ես թողնել նրան և դարձյալ քո ուսման ետևից գնալ։

Պետրոսի սիրտը մի փոքր ուրախացավ։ Նա խոստացավ հորեղբորը հետևյալ առավոտ գնալ նրա հետ Խալաթյանի տունը՝ յուր հարսնացուն տեսնելու համար։

Այս համաձայնությունից հետո պ. Թովմասը գնաց յուր գործին, իսկ Պետրոսը վերադարձավ յուր մոր մոտ։