Այս էջը հաստատված է

վատ սովորություն ունին, որին դժբախտաբար միայն օգնում էր անուշահոտ փոշին։

Համեստ օրիորդներից մի քանիսն էլ շուտ-շուտ դահլիճից վերադառնում էին այդտեղ, պատճառաբանելով, որ հյուրերի սակավության պատճառավ դահլիճը դեռ ցուրտ է, և ցանկանում էին մի քանի րոպե տաքանալ առանձնարանում, և այդ ժամանակ պատահմամբ նկատելով հայելու մեջ, որ իրենց զարդերի կամ գանգուրների ներդաշնակությունը խանգարված է, իսկույն ուղղում էին նրան և գոհ սրտով հեռանում, շարժելով միևնույն ժամանակ բազմոցների վերա հանգչող տիկնանց ծիծաղը, որոնք միևնույն ժամանակ սրտատրոփ սպասում էին, որ հայելիները զուգվողներից ազատվին և հերթը հասնե իրենց։

Վերջապես երաժշտությունը թնդաց և ամեն կողմ ցրված հյուրերը գունդագունդ հավաքվեցան ընդհանուր դահլիճը, որ լուսավորված էր բյուրեղյա երեք մեծամեծ ջահերով և բազմաթիվ կանթեղներով։ Շուտով ընկերները ընկերուհիները պտրտելու ելան, և ասպետները տիրուհիներին պատահեցին: Ջերմաջերմ ողջույններ, քաղցր զրույցներ, հաճոյախոսություններ և մանավանդ նորանոր ծանոթություններ, մի քանի րոպե երաժշտությունը մոռացվեցավ, չնայելով, որ նա անընդհատ որոտում էր։

— Ես վաղուց փափագում էի ծանոթանալ ձեզ հետ, оրիորդ, և այժմ օրհնում եմ այն առիթը, որ ինձ հասցնում է նպատակին…— հաճոյարար խոսում էր ասպետներից մինը:

— Այո՛, ես այդ գիտեի, շնորհակալ եմ,— ծեքծեքվելով և հակիրճ պատասխանում էր օրիորդը, և ականջ դնում ասպետի մյուս հաճոյախոսություններին։

— Տիկին, դուք հրաշալի եք այս երեկո, մի թե Աստղիկը ձեզ հանձներ յուր դերը,— քաղցր ժպիտով հարցնում էր գրագետներից մինը, հին վարժուհիներից մինին։

— Աստղիկն անձամբ ներկա է այստեղ,— hանձնապաստան կատակով պատասխանում էր տիկինը և շարունակում յուր դիցաբանական զրուցատրությունը։

— Պատիվ ունիմ ներկայացնելու ձեզ, օրիորդ, պարոն Սերովբե Նախլամազյանին, դոկտոր փիլիսոփայության մասնագետ