Այս էջը հաստատված է

— Որովհետև ա՛յն կինը, որ յուր բոլոր հոգսն ու մտածմությունը իրեն զուգելու ու զարգարելու մեջ է կենտրոնացնում, նա անպետք է յուր բուն, կանացիական պարտավորությունների համար։

— Ես այդ չգիտեմ, բայց մի՞թե դուք ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին էլ ընդդեմ եք։

Պետրոսը զարմացած նայեց տիկնոջ երեսին, մի րոպե կարծելով, թե նա ցնորված է. բայց հանկարծ մտաբերելով, որ լուսավորված աշխարհը միլիոնավորները ունի դրանցից, լավ համարեց շարունակել.

— Այո՛, տիկին, ես ընդդեմ եմ և ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին։

— Օ՜, մի՞թե կարելի է, հապա աշխարհում նրանցից ավելի գեղեցիկ էլ ուրիշ ի՞նչ կա։

— Ակունքների մասին դուք իրավունք չունիք խոսելու, որովհետև աշխարհի մեջ ամենաթանկագին բաները նրանք են,— հայտնեց յուր կարծիքը և օրիորդ Նատալիան։

Պետրոսը ծիծաղեց։

— Մի՞թե չեք հավատում,— աչքերը մեծացնելով հարցրեց օրիորդը։

— Հավատում եմ, օրիորդ, բայց գիտե՞ք ինչ կա…

— Ոչ։

— Ուրեմն լսեցեք. ես իմացել եմ, որ դուք ռուսերեն ու ֆրանսերեն կարդացած եք, երևի կարդացած կլինեք և այն, որ աշխարհի զանազան մասերում վայրենի մարզիկներ կան, այնքան վայրենի, որ մինչև անգամ իրենց նման մարդիկներին ուտում են. բայց նրանք էլ զարդարանքների վերա ուշադրություն են դարձնում։ Կա՛ն վայրենիներ, որոնք իրենց երեսը, ճակատը, կամ մարմինը զանազան գույներով նախշում են. կան վայրենիներ էլ, որոնք ծակում են իրենց քիթը և ականջները ու նրանց մեջ գունավոր փետուրներ են խցկում և այլն, սրանից ես եզրակացնում եմ, որ ա՛յն կինը, որ յուր ականջների, կրծքի կամ բազուկների վերա զարդարանքներ է կախում, ոչնչով չի տարբերվում այդ վայրենիներից. զանազանությունը միայն զարդարանքների գնի մեջ է, այսինքն,