— Ոչ, հորեղբայր, այդ բանում դուք չպիտի բռնադատեք ինձ․ ամուսնանալուց ետ անկարելի է ուսում շարունակել․ իսկ ես չեմ ապրիլ եթե ինձ միջոց չտաք իմ ուսումս ավարտելու։
— Չէ, որդի, ավելի խոսել հարկավոր չէ. դու այն արա, ինչ որ քո հորեղբայրդ խորհուրդ է տալիս քեզ. դու գիտես, որ նա քո թշնամին չէ։ Երկու կամ երեք օրից ետ հանդիսավոր նշանադրություն կանենք, և մի շաբաթից, կամ տասն օրից հետո փառավոր հարսանիք։ Եվ դեռ տես, թե ինչ հարսանիք եմ անում քեզ համար. ամբողջ քաղաքը պետք է ոտի վերա լինի քո պսակի գիշերը։
— Այդ բոլորը լավ, հորեղբայր, բայց ես ասացի ձեզ, որ անկարելի է ինձ այդպես շուտ ամուսնանալ։
— Ես էլ ասացի, որ ավելի խոսել հարկավոր չէ. տասն օրից ավելի չպիտի ուշանա այս գործը։
Պետրոսը պարզ տեսավ, որ յուր խորամանկությունը մի հաջող նպատակի չհասցրեց իրեն, ուստի լավ համարեց ճշմարիտ խոսակցությամբ ավարտել գործը։
— Սիրելի հորեղբայր,— ասաց նա,— ես կամենում եմ անպատճառ ավարտել իմ ուսումս. սա կարծեմ մի հանցանք չէ ինձ համար։
— Իհարկե։
— Ուրեմն եթե այս նպատակիս համար էլ ես աշխատում եմ ձեզ չգրգռել, այս էլ մի հանցանք չէ։
— Ի՞նչպես, չեմ հասկանում։
— Այո՛, ես Խալաթյանի աղջկան չեմ հավանում և երբեք էլ չեմ ամուսնանալ նրա հետ. ավելի լավ է այժմյանից ճշմարտությունը ասել և ապագայում ցավ չպատրաստել ոչ ինձ և ոչ ձեզ համար։
Թովմասը կարծես քնից զարթնած վեր թռավ յուր աթոռից։
— Ինչե՜ր ես խոսում, Պետրե. գժվե՞լ ես դու։
— Հանգստացեք, հորեղբայր, ես չեմ գժվել և միայն ճշմարտությունն եմ խոսում։
— Դու չասացիր, թե հավանում եմ աղջկան։
— Ներեցեք ինձ, ես այդ ասացի միայն ձեզ չգրգռելու