Այս էջը հաստատված է

համար․ և ես այժմ տեսնում եմ, որ սխալվեցա. որովհետև քանի որ դուք ձեր մտքում դրել եք անպատճառ ամուսնացնել ինձ այն աղջկա հետ, և ես որոշել եմ ամենևին չամուսնանալ նրա հետ, կնշանակե մենք երբեք չենք հաշտվիլ այս խնդրում և ուրեմն ավելի լավ է բուն ճշմարտությունը խոստովանվել։

— Եթե ա՛յն է ճշմարտությունը, որ դու Խալաթյանի աղջկան չես հավանում ուրեմն չես ամուսնանալ նրա հետ, կնշանակե դու երբեք էլ համալսարան չես տեսնիլ և ուսումդ չես ավարտիլ,— վճռաբար ասաց Թովմասը։

— Բայց չէ՞ որ դուք ասացիք ինձ, թե տես աղջկան, եթե կհավանես, լավ, եթե չէ, կարող ես էլի քո ուսման ետևից գնալ։

— Ասացի, բայց այժմ այդպես չեմ կամենում, դու պետք է անպատճառ ամուսնանաս այն աղջկա հետ։

— Բայց ինչո՞ւ համար անպատճառ, ի՞նչ գաղտնիք է այդ, վերջապես, որ դուք բերել եք տալիս Թիֆլիսից, արգիլում եք ինձ իմ ուսումս շարունակել և ստիպում եք, որ ես ամուսնանամ, պարզեցեք ինձ այդ գաղտնիքը, գուցե դրանով դուք կարողանում եք համոզել ինձ…

— Ոչինչ գաղտնիք չկա։

— Անկարելի է, այդ գաղտնիքը գոյություն ունի, բայց դուք ծածկում եք ինձանից։

Թովմասը մի րոպե լռեց և սկսավ մտածել, «Պատմենք սրան բանի էությունը, գուցե, իրավ, համոզվում է նա․ ամուսնանալու գործը իրեն է պատկանում, լավ է, որ իմ ստիպելու պատճառն էլ ինքը իմանա»-մտածեց Թովմասը և պատմեց նրան Մելքոն-աղա Խալաթյանի շնորհիվ յուր վերցրած կապալի բոլոր պատմությունը, սկսելով դրացի Սիգոյի հայտարարությունից և վերջացնելով յուր Թիֆլիս քաշած հեռագրով։

Պետրոսը, որ հորեղբոր պատմությունը լսելով հետզհետե կատաղում էր, վերջում արդեն յուր համբերությունը կորցրեց։

— Ուրեմն դուք ինձ վաճառե՞լ եք Մելքոն Խալաթյանին,— դառնացած բացականչեց երիտասարդը։— և ի՞նչ