Այս էջը հաստատված է

խոսել ու դատել չգիտե և սովորած է միայն հագնվելու ու զուգվելու։ Ինչի՞ս է հարկավոր, ուրեմն, այդպիսի մի աղջիկ, որ յուր գոյությամբ ապացուցանում է միայն ոչնչության գոյությունը…

Հորեղբայր Թովմասը շարժեց գլուխը, ձգվեցավ յուր աթոռի մեջ և մի քանի րոպե Պետրոսի վերա լուռ ու մունջ նայելուց ետ ծանր և լուրջ ձայնով հարցրեց։

— Ուրեմն դու քո մտքում դրել ես, որ անպատճառ անպատվե՞ս ինձ։

— Քավլիցի՛ քո պատիվը իմ անվան պատիվն է ինչո՞ւ պետք է ես անպատվեմ քեզ։

— Բայց խո չե՞ս կամենում Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալ։

— Ո՛չ. մեռնելս ավելի կգերադասեմ։

— Շատ լավ, այդ նշանակում է, որ դու ինձ անպատվում ես. որովհետև ես քեզ ասացի, որ այն մարդուն ազնիվ ու պատվավոր խոսք եմ տվել, ուրեմն եթե ես չեմ կարողանում իմ պատվավոր խոստումը կատարել, կնշանակե ես անպատիվ եմ դառնում և ինձ անպատվողը իմ հարազատ եղբոր որդին է, որին ես պահել, մեծացրել և ուսում եմ տվել, որի վերա ես հարազատ հորից ավելի երախտիք ունիմ… Այսպես է, թե ոչ։

՝— Շատ եմ ցավում, որ այդպես է։

— Քո ցավելուն էլ այսուհետև կարիք չունիմ ես, այս րոպեին մենք մեր հաշիվը կվերջացնենք։

Այս ասելով Թովմասը դիմեց դեպի գրասեղանը և ամուր զանգահարեց։

Ծառան իսկույն ներս եկավ։

— Կանչի՛ր այստեղ իմ հարսին,— հրամայեց նա։

Մի քանի րոպեից ներս մտավ տիկին Հռիփսիմեն տխուր և երկչոտ դեմքով, կարծես գուշակելով յուր որդու գլխին գալիք չարիքը։

— Քո որդին հայտնած կլինի քեզ իմ ցանկությունը, որ էր՝ ամուսնացնել նրան Մելքոն-աղա Խալաթյանի հարուստ դստեր հետ և բախտավորացնել թե իրեն և թե՛ քեզ։

— Այո՛, հայտնել է։