Այս էջը հաստատված է

— Իմ Աստղիկի մոտ, մայրիկ, իմ Աստղիկի մոտ, նա է այժմ մեր միակ ապավենը…

Այս ասելով նա իջավ մոր հետ սանդուղքներից և դիմեց դեպի սիրուհու տունը:

ԻԴ

ՍԻՐՈՒՀԻՆ ՍՓՈՓՈՒՄ է

Այն միջոցին, որ Պետրոսն ու Հռիփսիմեն ներս մտան Աստղիկենց բակը, օրիորդը պարտեզի մեջ զբաղված էր յուր ծաղիկներով։ Տեսնելով սիրելիներին, նա թողեց յուր գործը և ուրախ ու ժպտադեմ դիմավորեց նրանց։ Բայց որքա՜ն եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ նա նկատեց մոր և որդու անսովոր տխրությունը և մանավանդ Հռիփսիմեին` արտասվաթոր աչքերով։

— Ի՞նչ է պատահել ձեզ, մայրիկ, ինչո՞ւ տխուր եք դուք, փառք աստուծո, երկուսիդ էլ առողջ եմ տեսնում. ո՞ւմ հետ է, ուրեմն, մի դժբախտություն պատահել, ասացեք, աղաչում եմ.— սրտատրոփ հարցրեց օրիորդը։

Հռիփսիմեն տխրությամբ նայեց մի րոպե որդու վշտահար դեմքի վերա և ապա դառնալով դեպի Աստղիկը, առանց մի բառ արտասանել կարողանալու, հեկեկաց և նրա պարանոցով փարելով սկսավ դառնապես լալ։

— Մայրիկ, մայրիկ, ի՞նչ պատահեց ձեզ. ինչո՜ւ եք իմ սիրտը կտրտում,— ջերմությամբ գրկելով նրան, բացականչեց օրիորդը.— ասացեք ինձ, աղաչում եմ, ի՞նչ է պատահել ձեզ, դու ասա ինձ գոնե, Պետրե, ի՞նչ դժբախտություն է հասել ձեզ…

— Ոչինչ, սիրելիս, մի հասարակ դժբախտություն, որին ես ամեն օր սպասում էի։

— Բայց ի՞նչ դժբախտություն է այդ վերջապես։

— Իմ հորեղբայրը մեզ արտաքսեց յուր տնից քեզ հայտնի գործի պատճառով, և այժմ մենք քեզ ենք դիմել իբրև մեր միակ ապավենին՝ այս ընդարձակ աշխարհի մեջ…