Այս էջը հաստատված է

Երբ երաժշտությունը սկսավ յուր գործը, և պարողները փութացին միմյանց մեջ խառնվելու, պարոն Սիմբրյանը թթվեցրեց դեմքը և դուրս գնաց։ Նա ցանկացած յուր անձը չէր գտել դահլիճի մեջ։ Հենը այդ միջոցին երբ նա անցնում էր նախասենյակից, ակումբի շատախոս անդամներից մեկը զանազան բացականչություններով ողջունում էր սանդուղքներով բարձրացող յուր բարեկամներից մինին։ Սիմբրյանը հետաքրքրությամբ ետ նայեց դեպի սանդուղքները և տեսնելով պարոն Արսեն Մաշտոցյանին, որ ծիծաղադեմ բարձրանում էր դեպի վեր, շտապով խույս տվավ նախասենյակից։

— Քn տալոջ աղջիկը իմ գործը պիտի խանգարե, — կամացուկ շշնջաց նա յուր կնոջ ականջում, որը պարսկական ոճով կահավորված մի սենյակում ազատորեն ձգվել էր բազմարանի վերա և ուրախ—ուրախ խոսում էր մի քանի երիտասարդների հետ։

— Ի՞նչ է պատահել,— անհանգստությամբ հարցրեց Ռոզա Անդեևնան և խոսակիցները թողնելով, առանձնացավ ամուսնու հետ սենյակի անկյունը։

— Ամալիան դեռ չէ երևում, իսկ Մաշտոցյանը արդեն այստեղ է,— խորհրդավոր եղանակավ հայտարարեց Սիմբրյանլւ և աչքերը հարցական ձևով հառեց դեպի ամուսինը։

— Եվ ա՞յդ է Ամալիայի հանցանքը,— արհամարհական ժպիտով հարցրեց տիկինը։

— Իհարկե, և դու երևի դրան նշանակություն չես տալիս։

— Ի՞նչ նշանակություն պետք է տալ։

— Ա՛յն, որ գործը կարող չէ հաջողվիլ:

— Բայց ինչո՞ւ համար, ասա՛ խնդրեմ, մի՞թե քո շինելիք գործը այնքան խախուտ հիմք ունի, որ Ամալիայի ուշանալը կարող է նրան խանգարել։

— Ա՛յ կին, նա մինչև անգամ հիմք չունի, ես նոր եմ նրան հիմնարկում, հասկանո՞ւմ ես։

— Էհ, ուրե՞մն…

— Ուրեմն եթե նա ուշանա, Մաշտոցյանը կարող է դուրս գնալ, որովհետև ես նրան հազիվ այսօր համոզեցի մի քառորդ ժամ նվիրել այս գործին և այսպես բանը կդժվարանա։

— Օ՜ , հո՜, հո՜, շատ մեծ մարդ է. կարծես Ամալիային