Այս էջը հաստատված է

նրան պատահեց յուր հին ծանոթ Սերոբյանը, որի անունը մենք առիթ ունեցանք նախընթաց գլուխներում հիշատակելու։ Նա այժմ բավական փոխվել էր նույնիսկ արտաքին կերպարանքով. երկու տարի առաջ տեսած այն նիհար և նվազ Սերոբյանը, այժմ մեծացել, գիրացել և գեղեցկացել էր, որովհետև նա արդեն քննիչի պաշտոն ուներ և յուր արդյունավոր եկամուտը ներքին ուրախությունից զատ արտաքին առույգություն և զվարճություն էլ էր տվել նրան։ Սովորական հարց ու բարովից ետ, Սերոբյանը հետաքրքրվեցավ իմանալու, թե ինչո՞ւ Պետրոսը Թիֆլիսից ուղղակի համալսարան չէր գնացել և ի՞նչ հարկ կար ժամանակ վատնել հայրենիք վերադառնալու համար։

— Ես իմ ցանկությամբ չեկա այստեղ, ինձ բերել տվին,— պատասխանեց Պետրոսը։

— Ի՞նչպես, ո՞վ։

— Իմ հորեղբայրը։

—Եվ ի՞նչ պատճառով։

— Շատ կարևոր պատճառով։

— Այսի՞նքն։

Պետրոսը համառոտ պատմեց ընկերին յուր հորեղբոր կապալի և Խալաթյանի աղջկա պատմությունը։

Սերոբյանը մնաց զարմացած, այդպիսի նորություն առաջին անգամ էր նա լսում յուր կյանքում։ Բայց ավելի զարմացավ և մանավանդ սրտմտեց, երբ իմացավ, թե հորեղբայրը արտաքսել է Պետրոսին յուր տնից, նրա ընդդիմության պատճառով։

— Տեր աստված, ի՜նչ չարություններ չեն ծածկվում այդ սուտ ճգնավորների սրտերում,— զայրացած բացականչեց Սերոբյանը,— հեռվից նայողը այնպես կկարծեր, թե քո հորեղբոր բերանում լեզու չկա. թե նա մի մարմնացյալ բարություն, մի մարմնացյալ առաքինություն է։ Եվ ո՞վ կհավատա քո պատմածների ճշմարտության։

— Եվ ես ոչ ոքին էլ չեմ պատմիլ. եթե քո սիրտն էլ վաղուց չճանաչեի, գուցե քեզանից էլ ծածկեի այս բանը, որովհետև իմ հորեղբոր վարմունքը ա՜յնքան ամոթալի է,