Այս էջը հաստատված է

որ դատավորի կարեկցությունը շարժեց Պետրոսի վերա։

— Եթե մեր ծերուկները այդքան անողորմ են վարվում նորածիլ երիտասարդության հետ,— նկատեց դատավորը,—մեր երիտասարդներիս պարտավորությունն է թև և թիկունք լինել նրան, որպեսզի երիտասարդության ձգտումները չվտանգվին և ապագան մեծ մարդիկներից չզրկվի: Շնորհակալ եմ, որ այդ բանի համար դիմել եք ինձ։ Թեպետ ձեր հիշած պաշտոնի համար աչքի առաջ մի երկու ուրիշ պարոններ էլ կային, բայց ինձ համար ուրախություն է օգնել նրան, ով որ ավելի է կարոտում. այդ պատճառով ինչ որ կարող եմ անել պ. Մարալյանի համար, ես կանեմ։ Վաղվանից արդեն պարոնը մեր դատարանի ատենադպիրը կարող է լինել: Ես կպատվիրեմ սեղանապետին, որ կարևոր ծանոթությունները տա նրան, իսկ մյուս օրվանից պարոնի վկայականները և հաստատության թուղթը կառաջարկեմ ուր որ անկ է։

— Դուք այնքան մեծ շնորհ եք անում ինձ, մեծապատիվ պարոն,— զգացված խոսեց Պետրոսը,— որ ես բառեր չեմ գտնում իմ ամենաանկեղծ շնորհակալիքը ձեզ հայտնելու. միայն խոստանում եմ, իբրև ազնիվ մարդ, ծառայել ձեզ այնքան անձնվիրվածությամբ, որքան վայել է մի ամբողջ կյանքով շնորհապարտ մարդուն…

— Ես ավելի չեմ անում, քան ինչ որ իմ պարտքն է,—նկատեց դատավորը.— թող մեզանից յուրաքանչյուրը բարիք գործե այնքա՛ն, որքան կարող է, և մենք թշվառներով շրջապատված չենք լինի ամեն օր։

Պետրոսը և Սերոբյանը կրկին և կրկին անգամ շնորհակալություն արին ազնիվ դատավորին և ուրախությամբ դուրս գնացին դատարանից։

Երբ նրանք արդեն փողոցումն էին, Պետրոսը դարձավ բարեկամին.

— Սիրելիս, դու ինձ կատարելապես պարտավորեցրիր։ Հուսահատությունը, որի մոտենալը առավոտվանից արդեն ես զգում էի (թեպետ ինքս ինձ աշխատում էի արիացնել), կարող էր ինձ ընկճել, եթե ես այսօր չպատահեի քեզ։ Ի՞նչ են անում արդյոք ա՜յն ողորմելիները, որոնց ինձ նման հալածում