Այս էջը հաստատված է

անհերքելի էր, նա այլևս ատենադպիր չէր... Բայց որքա՜ն մեծ եղավ Թովմասի զարմանքը, երբ նա իմացավ, թե Միկիթ֊բեկի այն մեծ և փառավոր պաշտոնը, որով հին գայլը այնչափ պարծենում էր և այնչափ սարսափեցնում էր ժողովուրդին, հանձնված է յուր եղբորորդուն, այն խեղճ, անօգնական Պետրոսին, որին ինքը յուր տանից այնքա՜ն անպատվությամբ արտաքսեց... Պետրոսը, որին այժմ ժողովուրդը բեկ տիտղոսով էր պատվում, այնպիսի մի խորհրդավոր անձնավորություն դարձավ հորեղբայր Թովմասի համար և այնքան մեծ համարում ստացավ նրա աչքում, որ նա մոռացավ Միկիթ-բեկին, և այժմ տանջվում էր ա՛յն անբուժելի ցավով, թե ինչո՞ւ համար այդպիսի մեծ մարդը, որ յուր եղբորորդին էր և յուր անվանը մեծ փառք կարող էր լինել, արտաքսված է այսօր յուր տանից։ Թովմասը այժմ պատրաստ էր Պետրոսի հետ հաշտվելու. նա կզոհեր մինչև անգամ յուր սիրելի ռուբլիներից մի քանի հարյուրը, եթե գտնվեր մի մարդ, որ հաշտեցներ նրանց միմյանց հետ։

Այս հաշտության պետքը զգալի էր լինում նրան մանավանդ այն ժամանակ, երբ յուր ծանոթները շնորհավորում էին նրան յուր եղբորորդու հաջողությունները, անտեղյակ յուր դատապարտելի վարմունքին։

Բայց Պետրոսը բնավ չէր մտածում այդպիսի հաշտության վերա։ Նրա դրությունը այժմ այնքան ապահոված, և ինքը այնքան գոհ էր յուր վիճակից, որ երկրորդական խնդիրներով զբաղվելու կարիք չէր զգում յուր մեջ։ Ամեն անգամ էլ առավոտը վաղ զարթնելով, նա պատրաստվում և դիմում էր ընդհանուր սեղանատունը, որտեղ նրան ուրախությամբ սպասում էին յուր սիրուհին և երկու մայրերը։ Նա նրանց հետ միասին թեյ էր առնում, նախաճաշ էր անում և մի քանի վայրկյան էլ սիրախոսությամբ, կամ կատակներով զվարճանալով, դիմում էր դատարան։

Ճաշին նա վերադառնում էր տուն ուրախ յուր դրությամբ և գոհ յուր պարապմունքից։ Աստղիկը, որ յուր պատուհանից դիտում էր միշտ նրա գալուստը, դիմավորում էր նրան անպատճառ բակի դռան մոտ, ժպտադեմ ողջունում