Այս էջը հաստատված է

պարահանդեսի զվարճությունները,— ասաց նա,— այդ պատճառավ նեղացավ ինձանից, որ ես անձամբ չեմ եկել քեզ ավելի վաղ այստեղ բերելու։ Բայց ոչինչ, դեռ ժամանակ շատ ունինք․ գնանք դահլիճը,— ավելացրեց նա և օրիորդին յուր թևն առնելով դիմեց դեպի բուն պարահանդեսը։

Պարոն Սիմբրյանը շտապեց Մաշտոցյանին որոնելու։ Նա գտնվում էր յուր հավասարակիցների մի շքեղ շրջանում, ուր տաք֊տաք խոսում էին մի անծանոթ գեղեցկուհու մասին, որը այդ երեկո յուր այցելությամբ պատվել էր ակումբի պարահանդեսը։ Մաշտոցյանը նրան չէր տեսել, բայց հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակիցներին։

Մի երկուսն ասում էին, որ նորեկը ֆրանսուհի էր և երևի դաստիարակչուհի տեղական հարուստներից մեկի տանը։ Ուրիշները՝ թե նա վրաց մի իշխանուհի է, որը երևի ապրում է Թիֆլիսից դուրս. գտնվեցավ մինչև անգամ մի երիտասարդ, որ պնդում էր, թե այդ աղջիկն օպերայի դերասանուհիներից մինն, և որ ինքը նրան տեսել է «Ֆաուստի» մեջ Մարգարիտի դերում։

Սիմբրյանը իսկույն հասկացավ, թե ի՞նչ աղջկա մասին է խոսքը և ուրախացավ ինքը յուր մեջ։ «Բանը ինքն իրեն շինվում է,— մտածեց նա և մոտեցավ Մաշտոցյանին։

— Կամենում ես տեսնել այդ գեղեցկուհուն,— կամա֊ ցուկ շշնջաց նա նրա ականջին։

— Երևի այդ նա է այնպես չէ՞։

— Չգիտեմ, ե՛կ և տես։

Մաշտոցյանը իսկույն թևը տվավ Սիմբրյանին և նրանք երկուսը միասին մտան դահլիճը։ Կադրիլը վերջանում էր։ Հյուրերի մեծամասնությունը հառել էր յուր աչքերը դեպի դահլիճի ճակատը, ուր ջահերի շլացուցիչ լուսավորության առաջ, ինչպես գերբնական մի դիցուհի կանգնած էր օրիորդ Ամալիան։ Նրա հարուստ երկնագույն շրջազգեստը, որ զարդարված էր ամենանուրբ հյուսկեններով և միայն կիսով չափ էր քողավորում յուր մարմարյա կուրծքն ու բազուկները, մի առանձին պերճություն էր տալիս նրա ուղղաձիգ հասակին, որի վերա շնորհաշուք կերպով իշխում էր յուր հպարտ և գեղեցիկ գլուխը։ Նրա սևորակ ու