Այս էջը հաստատված է

Պետրոսին և տխրադեմ դուրս գնաց սենյակից, իսկ Պետրոսը դիմեց յուր ծխատեր քահանայի մոտ։

Տեր Սարգիսը Մելքոն-աղայի մոտ վերադառնալով պատմեց նրան մի առ մի Պետրոսից լսածները, ավելացնելով վերջում, որ իզուր է այլևս հետամուտ լինել նրան, ըստ որում երիտասարդը արդեն պատրաստվում է պսակվել յուր ընտրած աղջկա հետ։

Տեր հոր բերած նորությունները չափազանց գրգռեցին Մելքոն-աղայի զայրույթը. նա պատրաստ էր այդ րոպեին զոհել ամեն ինչ, միայն թե կարողանար պատմել յուր անունը անպատվող երիտասարդի հանդգնությունը։ Բայց ավա՜ղ. անցել էին այն տարիները, երբ հարուստ մարդիկ փողով իրավունք էին գնում և անարգել ծեծել էին տալիս անհնազանդ աղքատներին։ Ի՞նչ կարող էր այժմ անել Խալաթյանը Պետրոսին, մի երիտասարդի, որ իրենից ավելի զարգացած էր և որ գտնվում էր այնպիսի պատվավոր պաշտոնում, որի դեմ հասարակ մարդիկ չեն համարձակվում կռվել։ Նրան մնում էր մտնել ճարպիկ դավադրության մութ ճանապարհները...

— Ի՞նչ, մի՞թե այդ տղան կարող է առնել օրիորդ Աստղիկին, կարծեմ նրանք մոտիկ ազգականներ են,— խորհրդավոր ակնարկությամբ հարցրեց Մելքոն-աղան, չնայելով որ ինքը այդ զույգի ազգակցական կապերից ոչ մի տեղեկություն չուներ։

Տեր Սարգիսը իսկույն հասկացավ աղայի միտքը և շտապեց հաճելի լինել նրան։

— Այո՛, նրանք ազգականներ են և եկեղեցական օրենքով անկարող միմյանց հետ ամուսնանալու։

— Ճշմարի՞տ, այդ հաստա՞տ գիտեք դուք,— անհանգիստ ուրախությամբ հարցրեց Մելքոն-աղան։

— Այո՛, գիտեմ, որ նրանց մեջ ազգակցություն կա, բայց թե մինչև քանի՞ երրորդ սերունդը, այդ հաստատ չգիտեմ ։

— Ես խոստանում եմ ամենալավ վարձատրությունը նրան, ով այդ մասին մի ուրախ լուր կբերե ինձ։