Այս էջը հաստատված է

և օրիորդ Աստղիկի ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու։

Տեր հայրը ուրախությամբ հնազանդվեցավ և ողջունելով աղա Խալաթյանին, շտապեց դեպի գործ։


ԻԸ

ՀԱ՞Ս է, ԹԵ՞ ՉՀԱՍ

Քաղաքի Վարի թաղ կոչված մասում, ուր ապրում էր Պետրոսը յուրայիններով, գտնվում էր մի հինավուրց պառավ Մարիջան անունով։ Սա երևելի էր այն բոլոր գիտություններով, որոնցով կարելի է լինում մարդկային ամեն տեսակ ցավերը դարմանել։ Օրինակ՝ նա դեղեր ուներ հիվանդությանց դեմ. հնարքներ՝ վախի և խելագարության դեմ. մարգարեության ձիրք՝ ապագայի չարն ու բարին գուշակելու և վերջապես ամենաճիշտ ծանոթություն՝ բոլոր թաղի բնակիչների ազգակցական կապերի վերաբերմամբ։

Մարիջանի տունը ամեն օր գրեթե այցելուներով լցված էր լինում։ Ոմանք գալիս էին նրանից դեղեր ստանալու իրենց հիվանդությունների համար, ոմանք վախ չափել տալու, գարի գցելու, կամ թե սրտերին մոմ հալել տալու, այլք խելագար հիվանդի դևերը հանելու, իսկ շատերը իրենց հայտնի և անհայտ տենչանքների համար նրանից գուշակություններ լսելու։ Բոլոր գավառի մեջ չկար մի ուխտատեղի, որ այնքան բազմաթիվ այցելուներ ունենար, որքան Մարիջանի տունը, որ, իհարկե, այցելուների համեմատ էլ եկամուտ էր տալիս յուր պառավ տիրուհուն։

Տեր Սարգիսը թեպետ Մելքոն-աղային հաճոյանալու համար հաստատապես ասաց նրան, թե Պետրոսի և նրա հարսնացուի մեջ ազգակցական մերձավորություն կա, բայց իսկապես չգիտեր, թե այդպիսի մերձավորություն գույություն ունի՞ նրանց մեջ, թե՞ ոչ։ Հետևապես Խալաթյանի առաջ չխայտառակվելու համար հարկավոր էր այդ մասին ճիշտ տեղեկություններ հավաքել: Եվ ահա այդ առթիվ նա դիմեց ամենագետ Մարիջանին։