Այս էջը հաստատված է

անհամեստ մտերմությամբ քահանաներին մոտենալը և կամ առանց ակնածության նրա գլխին դատավոր և իշխան կանգնելը։

Բայց նա խոստովանում էր և այն, որ այդ անախորժ դրությունների ստեղծողները նույնիսկ իրենք քահանաներն են, որոնք երբեք էլ չեն ձգտում իրենց հին փառքը և բարձրությունը վերականգնելու։ Այդ պատճառով նա ինքը մինակ աշխատում էր այդ ծանր գործի վերա, հավատալով, թե մի օր պիտի կարողանա մեղմել ադամանդի կարծրությունը…

Ահա այս մարդն էր տեր Գարեգինը, որին յուր մոտ հրավիրել չհամարձակվեցավ Պետրոսը, այլ ինքը գնաց նրան յուր խնդիրը հայտնելու։

Երիտասարդ քահանան շատ ուրախացավ, երբ Պետրոսի խնդիրը լսեց։ Նա բռնեց նրա ձեռը և ջերմությամբ սեղմելով նրան, շնորհավորեց յուր արժանավոր ընտրությունը։

— Օրիորդ Աստղիկը միակ աղջիկն է մեր քաղաքի մեջ,— ասաց տեր Գարեգինը,— եթե ամուսնության երջանկությունը կայանում է նրանում, որ կինը լինի կատարյալ ամուսին, մայր և տանտիկին, ապա ուրեմն երջանիկ է այն անձը, որ ամուսնանում է օրիորդ Աստղիկի հետ. նա այդ երեք կատարելություններն էլ ամփոփում է յուր մեջ, պսակելով նրանց յուր անարատ գեղեցկությամբ։

Պետրոսը համեստությամբ շնորհակալություն արավ քահանային յուր հայտնած կարծիքների համար։

Հետո տեր Գարեգինը խոստացավ նրան նույն օրը ևեթ ներկայանալ հոգևոր ատենին և անհրաժեշտ կարգադրությունները անել պսակի հրամանագիրը ստանալու համար։

Պետրոսը շնորհակալություն անելով դուրս գնաց տեր հոր սենյակից։

Տեր Սարգիսը արդեն հոգևոր ատյանումն էր, երբ տեր Գարեգինը ներս մտնելով՝ առաջարկեց ատենին երիտասարդ Պետրոս Մարալյանի առաջարկությունը, և հրամանագիր խնդրեց նրա պսակի համար։

Ատենից բացակա էին նախագահը և նախանդամը, բայց տեր Սարգսից զատ այդտեղ գտնվում էին և մյուս երկու անդամները: