Սրանք հայտնեցին իրենց հոժարությունը տեր Գարեգինի հայտարարության վերաբերմամբ և ընտանեբար առաջարկեցին ատենադպրին հրամանագիրը պատրաստել է:
Տեր Սարգիսը ընդդիմացավ։
— Այդպես թեթևությամբ չէ կարելի գործ վճռել,— նկատեց նա լրջությամբ.— ամենից առաջ պսակվողների ծագման ճյուղագրությունը պահանջեցեք ծխատեր քահանայից և ապա ըստ այնմ տվեք ձեր հոժարությունը։
— Տեր Գարեգինի վերաբերմամբ իզուր է ձեր խստությունը,— նկատեց անդամներից մինը,— եթե պսակվողների մեջ մի մերձավորություն լինի, նա չէր էլ առաջարկիլ մեր ատենին երիտասարդի խնդիրը։
— Ի՞նչ խոսք ունիմ դրա դեմ. բայց օրենքը պետք է կետ առ կետ գործադրել։
Տեր Գարեգինը, որ այդ բանի մասին չէր մտածել, մի րոպե շփոթվեցավ, բայց որովհետև սովորություն չուներ սոփեստությամբ իրեն արդարացնելու, ուստի առանց քաշվելու պատասխանեց.
— Ներեցեք ինձ, արժանապատիվ հարք, ես պսակվողների ազգակցական մերձավորության մասին չեմ մտածել. և այդ առթիվ էլ ոչ մի հաշիվ չեմ արել։ Բայց այդ գործը շատ էլ ծանր չէ. այս րոպեին իսկ կարելի է վերջացնել նրան, որովհետև իմ ծուխի ամեն մի ընտանիքի ազգակցական կապերի մասին ես լի ու լի տեղեկություններ ունիմ։
Եվ նա վերցնելով մի կտոր թուղթ, սկսավ հաշվել.
— Մարալ—Հովսեփ Խոսրովյան.
քույր ունի Ջավի Հացիկյանց.
Անտոն—որդի Հովսեփի.
Եղիսաբեթ—դուստր Ջավիի.
Պետրոս—որդի Անտոնի՝ խնդրե
զԱստղիկ—դուստր Եղիսաբեթի…
— Բայց ո՛չ կարէ առնուլ, զի ո՛չ հասանէ նմա…— կարծես մի մեծ հաղթություն անելով բացականչեց տեր Սարգիսը։