Այս էջը հաստատված է

անհամեստ,— խոսում էր ինքն իրեն տեր հայրը.— նրա ծանոթներից ոչ ոք չի հավատալ, եթե ասեմ նրան, թե այսօր տեր Սարգիսը հոգևոր ատենում գոռում-գոչում էր իմ դեմ և այդ՝ մի ամենաչնչին խնդրի համար։ Երևում է, որ այդ քահանան մի առանձին հաշիվ ունի Պետրոսի հետ և կամ գուցե նա ծառայում է ուրիշների հաշվին, տեսնենք, երևի Պետրոսը կպարզե այս հանելուկը…»։

Երբ տեր Գարեգինը մտավ Պետրոսի մոտ, նա յուր հարսնացուի և զույգ մայրերի հետ նստած ուրախ. զրուցատրություն էր անում։ Տեր հոր գալուստը տեսնելով, բոլորն էլ հետաքրքրությամբ հարցրին, «Տեր հայր, բարի լինի գալուստդ, պսակի հրամանագիրը բերի՞ր»։ Տեր Գարեգինը տատանվեցավ և բարի ընտանիքի ուրախ տրամադրությունը չխանգարելու համար չգիտեր, թե ինչ պատասխանե։

Տեր հայրը որչափ անկեղծ և ճշմարտախոս, այնչափ խորագետ և լրջահայաց էր, նա երբեք չէր շտապում հայտնել ճշմարտությունը այնտեղ, ուր կարիք չկար և ուր այդ ճշմարտության վաղաժամ հայտնությունը միայն ցավ և տխրություն պիտի բերեր։

— Պսակի հրամանագիրը այդպես վաղ չեն տալիս, — պատասխանեց նա հետաքրքիր ընտանիքին։ - Ես եկա դեռ Պետրոսից մի քանի տեղեկություններ ստանալու, որովհետև նրանք անհրաժեշտ են այդ հրամանագրի համար, և բացի այդ՝ Պետրոսին՝ ինձ հետ Կոնսիստոր տանելու, որովհետև նրանից բերանացի հարցմունքներ պիտի անեն այնտեղ։

— Եթե ես ձեզ հարկավոր եմ այնտեղ, գնանք ուրեմն առանց ժամանակ կորցնելու,— նկատեց Պետրոսը,— ես կամենում եմ, որ այդ հրամանագրի գործը ամենից շուտ վերջանա։

— Շատ բարի, գնանք,— ասաց տեր հայրը և երկուսը միասին դուրս եկան իսկույն։

— Տխուր նորություն պիտի հայտնեմ քեզ, Պետրե,— ասաց երիտասարդին տեր Գարեգինը, երբ նրանք արդեն ճանապարհին էին։