էր մի ավելի մեծ խորհուրդի, որ տեղի էր ունեցեք նախընթաց ավուր երեկոյան։
— Այս լավ է. Սրբազանը այնպես խոսեց, ինչպես որ մեզ ձեռնտու էր.— կամացուկ ասում էր տեր Սարգիսը բարեկարգչին։— Գործի հաջողությունը այժմ քեզանից է կախված։ Դու պետք է մեր եկեղեցու չորս քահանաներից յուրաքանչյուրին կանչել տաս քեզ մոտ և առանձին-առանձին խոսես նրանց հետ, ինչ որ հարկն է։
— Բայց ես մի բան լսեցի, տեր Սարգիս, ասում են, որ Պետրոսը բաժանվել է հորեղբորից և ոչինչ կարողություն չունի։
— Սուտ բան է. հապա ինչո՞վ է այնպես լավ ապրում։
— Յուր ռոճիկով։
— Սուտ է, չհավատաս։ Տես ինչ անիծածն է. երիտասարդ տղա, ինքն էլ հորեղբոր պես ժլատություն է անում։ Սուտ է. այդ լուրը դիտմամբ է նա տարածել, որ մենք ծանր պահանջ չանենք իրենից։ Հապա պարոն Թովմասի հարյուր հազարները ո՞ւմն են, եթե նա միայն յուր ռոճիկովն է ապրում։
— Ուրեմն մի բան ասեմ. ես պետք է Պետրոսին մոտենամ, թող նա ինձ ավելի յուր բարեկամ ճանաչե, քան թե հակառակորդ, կարևոր դեպքում այս բանը մեզ օգուտ կարող է բերել։
— Շատ լավ կլինի, ես այդ մտքին ընդդեմ չեմ։
— Բայց տես, տեր Սարգիս. եթե ճիշտ դուրս գա, որ Պետրոսը հեռացած է հորեղբորից, մենք պետք է անգթություն չանենք, ես, ճշմարիտ է, Պետրոսին չեմ ճանաչում, բայց վարժուհի Աստղիկին շատ հարգում եմ, ես չեմ կամենալ, որ այդ օրիորդը մեր ձեռքով անբախտանա։
— Իհարկե, դու ավելի երիտասարդ ես և հանցանք չէ, որ հարգես օրիորդին, բայց Պետրոսի հորեղբորից հեռու լինելը սուտ է, այդ ես կարող եմ հաստատել։
— Ուրեմն ես կխոսեմ մեր քահանաների հետ, և ինչ որ խոսեմ, Սրբազանի անունով պիտի խոսեմ, դու զգույշ կաց, որ չհակասես ինձ։