Այս էջը հաստատված է

Է. «Մի՛ ոք ի համազգեաց, որոնց արեան մերձավորութիւն իցէ, պսակ օրհնության տիցէ. այլ մինչև ի յերկուց կողմանց զչորրորդ ազգին գլխավորութիւն կատարեալ ունիցին…», որ կնշանակե, թե երկու կողմից չորս սերնդի հեռավորություն ունենալով՝ ութերորդ ճյուղի մեջ պիտի ամուսնանան թե՛ աղջիկը և թե՛ երիտասարդը։

— Այդ օրենքը գրել է Ներսես Շնորհալին, ճշմարիտ է,—պատասխանեց տեր Գարեգինը,— բայց նրան կատարել են դարձյալ Շնորհալիներ։ Այդ կարո՞ղ եք դուք թվել, թե քանի՞ այդպիսի Շնորհալիներ ենք ունեցել։

— Մենք ձեզ չենք հասկանում, —նկատեց նախագահը։

— Թեպետ ես մեղավոր չեմ, որ դուք ինձ չեք հասկանում, այսուամենայնիվ ես կբացատրեմ իմ միտքը։ Այդ օրենքը այն հոգևորականներն են կատարել, որոնք Շնորհալու չափ օրինասեր, անաչառ, եկեղեցու պատվին նախանձախնդիր և անձնական շահը ոտնահարող են եղել։ Մեր արդի հոգևորականությունը մանավանդ չէ կարող պարծենալ յուր պարտաճանաչ անդամներով։ Դուք չեք կարող ուրանալ, որ ձեր ձեռնադրության օրից սկսած մինչև այժմ հարյուրավոր չհասներ հաս եք արել և այդ ոչ թե նրա համար, որ օրենքն է ձեզ թույլատրել, այլ որովհետև դուք այդպես եք կամեցեք։

— Այդ խոսքերը մենք երեկ էլ լսեցինք ձեզանից,— նկատեց տեր Սարգիսը.— ուրեմն եթե այդպիսի վարմունքը դուք մի հանցանք եք համարում, ինչո՞ւ դուք ինքներդ կրկին մեզ նույնպիսի հանցանք գործելու եք դրդում։

— Ընդհակառակը, ես ձեզ հորդորում եմ փախչեք հանցանքից։

— Ի՞նչպես,— հարցրեց նախագահը։

— Ամեն ծայրահեղություն ինքնըստինքյան մի մոլություն է,— պատասխանեց տեր Գարեգինը.— ամուսնական խնդրի մեջ ոչ արյան սահմանները պետք է պղտորել, ոչ էլ ցամաքած երակների մեջ զոռով արյուն ստեղծել։ Այդ անում են նրանք, որոնք իրենց անձնական շահը զոռով ուրիշների բարեկեցության հետ են կամենում կապել, սակայն քահանայի համար դա մի դատապարտելի հանցանք է։ Եթե դուք