Այս էջը հաստատված է

կուրանաք, որ այսպիսի օրինազանցություններ չեք գործել, այն ժամանակ ես կթվեմ կենդանի ապացույցները։

Նախագահը, չկամենալով առիթ տալ տեր Գարեգինին զանազան մերկացումներ անելու, նկատեց.

— Մինչև այժմ ինչ որ կատարվել է, կատարվել է, անցյալի մասին էլ ավելորդ է խոսել։ Բայց այժմ նոր և խիստ հրաման կա Սինոդից չօրհնել ոչ մի պսակ, մինչև որ ամուսնացող զույգերը յոթ պորտ հեռավորություն չունենան իրարից։ Եվ որովհետև ես այս քաղաքի եկեղեցիների բարեկարգիչն եմ և Սրբազանի հրամանով հսկող եկեղեցական օրինաց արդար գործադրության, հետևապես ես իմ կողմից արգիլում եմ Պետրոս Մարալյանի և օր. Աստղիկի ամուսնության պսակադրությունը, իբրև արյունառու ազգականների։ Այժմ դուք, արժանապատիվ հայրեր, կարող եք ձեր ազատ կարծիքները հայտնել։

Տեր Սարգիս,— Ես համաձայն եմ օրինաց հետ ապա ուրեմն և ձեզ հետ։

Տեր Հոսեփ.— Ես նույնպես համամիտ եմ արժանապատիվ բարեկարգչի հետ։

Տեր Օհանես.— Ես նույնպես համաձայն եմ բարեկարգիչ հոր հետ։

Տեր Խաչատուր.— Ինչ որ արժանապատիվ բարեկարգիչն ասաց, նույնը և իմ համոզմունքն է։

Տեր Ստեփան.— Ես էլ ձեզ հետ համամիտ և համակարծիք եմ։

Տեր Գարեգին.— Իսկ ես ոչ համաձայն եմ ձեզ հետ և ոչ էլ համակարծիք։ Այո՛, հավատում եմ, որ եկեղեցական օրենք ունինք, հավատում եմ, որ սուրբ Սինոդից նոր և խիստ հրամաններ կան, բայց երբեք չեմ կարող հավատալ, թե արդարություն է բաժանել միմյանցից երկու սիրող սրտեր, որոնք արյան մերձավորություն ունին վեցերորդ սերունդի մեջ։ Հրաման արձակողները ապրում են ժողովրդից հեռու և մեծ մասամբ անծանոթ են նրա ներքին դրության, շատ անգամ էլ այդ հրամանները արձակում են նրա համար, որ ծայրահեղ դիպվածներում առատության եղջյուրը անհայտ անկյուններուն