Այս էջը հաստատված է

չէ, այլ ձեր ընտանիքի. մենք ձեր բարյացակամությամբն էլ գոհ ենք արդեն։

— Այսուամենայնիվ ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի,— ասաց տեր Գարեգինը տեղից վեր կենալով,— իսկ եթե իմ ուժս չի բավականանալ, այն ժամանակ արդեն…

— Ա՛յն ժամանակ մենք կհանձնենք մեզ ճակատագրի կամքին… վճռական ձայնով ավելացրեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս եկավ տնից։

ԼԲ

ԲԱՐԵԿԱՐԳՉԻ ՏՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Պետրոսը տեր Գարեգինի հետ միասին տնից դուրս գալով մտադիր էր ուղղակի առաջնորդին դիմելու՝ նրանից վերջնական պատասխան առնելու համար, որովհետև Սրբազան հայրը խոստացել էր նրան այդ առավոտը ևեթ յուր վճիռը տալու:

— Իմ կարծիքով քո՝ Սրբազանի մոտ գնալը զուր աշխատանք է. ինչ որ բարեկարգիչն է ցանկանում, նույնն էլ Սրբազանը պիտի որոշե,— ասաց տեր Գարեգինը Պետրոսին, երբ նրանք մի քանի քայլ տանից հեռացան.— ավելի լավ է բարեկարգչի հետ տեսնվել և նրա հետ համաձայնություն կայացնել:

— Չեմ հասկանում ձեզ, ի՞նչ կնշանակե, թե Սրբազանը բարեկարգչի ցանկության համաձայն պիտի իմ գործը որոշե, մի թե առաջնորդն ու բարեկարգիչը փոխե՞լ են իրենց դերերը, թե իշխանավորի կամքը յուր ստորադրյալ ծառան է կառավարում։

—Այդ հարցին ես բացորոշ պատասխան տալ չեմ կարող. այսքանը միայն կասեմ, որ քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում, և ուշանում է փողի պատճառով. իսկ փողը որչափ բարեկարգչի մոտ է հարգի, նույնքան էլ առաջնորդի մոտ…