Այս էջը հաստատված է

մերժել էին։ Տեր Սարգիսը, իհարկե, ոչինչ դժգոհություն չէր ցույց տվել չհաջողված խնամուն ու հարսնացուին, մինչև այսօր էլ նա առերես նրանց բարեկամն է, բայց ուղտի ոխը նա պահել էր յուր սրտում։ Եվ այսօր ահա՛ հարմար առիթից օգուտ քաղելով նա վրեժխնդիր է լինում յուր ստացած վիրավորանքին։

«Ահա՛, սրանք են տեր Սարգսի օրինասիրության պատճառները, և ոչ թե օրենքը, որին նա երբեք հարգող չէ եղել»:

— Առաջին պատճառը ես գուշակում էի, երկրորդի մասին հիմա եմ լսում. այսուամենայնիվ ես էլի դիմում եմ նրա օգնությանը,— պատասխանեց Պետրոսը։

— Ո՞ւմ, տեր Սարգսի՞։

— Այո՛, որովհետև ես տեսնում եմ, որ բոլորը նրա հաճության են սպասում իրենց համաձայնությունը տալու համար։

— Ի՞նչ հաճություն, ի՞նչ համաձայնություն. Սրբազանը արդեն արձակել է մերժման հրամանը։

— Գիտեմ, կարդացել եմ, բայց ես կրկին գնացի Սրբազանի մոտ և նա ինձ ասաց, որ եթե աշխատեմ ամոքել քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, նոր համախոսական թուղթ ստորագրելու, ինքը կաշխատե կրկին գործը շտկելու։

— Եվ դուք ուրեմն բոլորի սրտերը ամոքել եք, մնացել է տեր Սարգսի՞նը։

— Այո՛, բոլորն էլ համաձայն են իմ պսակի հրամանը ստորագրելու, միայն նրա համաձայնության են սպասում:

Տիրացու Հակոբը ծիծաղից թուլացավ։

— Ինչո՞ւ համար եք ծիծաղում, տիրացու,— զարմացմամբ հարցրեց Պետրոսը։

— Նրա համար, որ դուք այդքան միամիտ եք։

— Բայց ի՞նչ բանի մեջ է իմ միամտությունը։

— Ի՞նչ բանի մեջ և դեռ հարցնում եք… Մարդ աստուծո, Սրբազանը քեզ յուր բերանով ասում է. գնա՛ ամոքիր քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, իսկ դուք խոսքով եք կամենում նրանց սրտերը ամոքելու, չծիծաղե՞մ, հապա ի՞նչ անեմ։

— Ինչո՞վ ուրեմն պիտի ամոքեի։