Այս էջը հաստատված է

նա ինքն իրեն,— ի՞նչ ասաց նա ինձ, ի՞նչ պատասխանեցի նրան, չգիտեմ, չեմ հիշում… նա կարծեմ ասաց, թե ես գնում եմ ինձ ոչնչացնելու…

Այո՛, հիշում եմ, նա ասաց. «Քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…»։ Սա մի գեղեցիկ խոսք է, այո՛, շատ գեղեցիկ խոսք… բայց Պետրեն, տեր աստված, նա մեռնի՞, մի՞թե այդ կարելի է… և ես կենդանի ականջներ ունենամ նրա մահը լսելո՞ւ, օ՜հ, ոչ, ոչ, ես նրանից շուտ կմեռնեմ. մեր հոգիները թող պատահեն միմյանց երկնքի ճանապարհի վերա, այնտեղ միասին թող գրկախառնվին նրանք, առանց մարդիկներից քաշվելու, առանց նրանցից վախենալու… և այնպես գրկախառնված թող դիմեն նրանք այն աստուծո մոտ, որ սերը ստեղծեց, սերը քարոզեց, սիրո համար մեռավ… Բայց ի՞նչ եմ խոսում ես, մի՞թե ես խելագարված եմ…— կարծես զգալով յուր անբնական այլայլությունը, ինքն իրենից սարսափեց նա։ Հետո նա այլայլված դուրս փախավ յուր սենյակից. դահլիճի մեջ ոչ ոք չկար. դիմեց մոր սենյակը, այնտեղ էլ դատարկ էր… «Այս ի՞նչ է, բոլորն էլ ինձ միայնակ են թողել. բայց ո՞ւր են նրանք…»։

Այդ րոպեին մի ոտնաձայն լսվեցավ պատշգամբի վերա. օրիորդը շտապով դուրս գնաց։

— Օ՛հ, Ղազար, այս դո՞ւն ես. ի՞նչ ես բերել ինձ,— հարցրեց նա եկվորին, որ դպրանոցի սպասավորն էր։

— Մի ծրար ունիմ ձեզ հանձնելու, օրիորդ,— պատասխանեց ծառան, և թևի տակ բռնած տետրակի միջից հանելով ծրարը հանձնեց օրիորդին։

— Այս ումնի՞ց է, հոդաբարձությունի՞ց:

— Այո՛, օրիորդ, բարեհաճեցեք ստացումը ստորագրել։

Աստղիկը ներս տարավ տետրակը, ծրարի ստացումը ստորագրեց և տետրակը սպասավորին հանձնելով, կրկին վերադարձավ յուր սենյակը։ Այս անգամ նա մի փոքր սթափվել էր։ «Արձակուրդների ժամանակը լրացավ, հոգաբարձուները երևի մեր պարտավորությունն են հիշեցնում մեզ».— մտածեց օրիորդը և ծրարը բացավ։ Բայց մի քանի, տող կարդաց թե չէ, գույնը նետեց, ծնկները դոդացին և նա թուլացած ընկավ աթոռի վերա։