Այս էջը հաստատված է

Հոգաբարձությունը գրում էր օրիորդին հետևյալը.

«Ազնիվ օրիորդ.

Ձեր արժանիքը մենք միշտ գնահատել ենք և երբեք էլ չենք կարող ուրանալ այդ, որովհետև մեր դպրոցի համար դուք շատ եք աշխատել և անձնվիրությամբ էլ ծառայել եք նրան։ Դուք արժանի եք ամեն հարգանքի։ Բայց ձեզ հայտնի հանգամանքի պատճառով քաղաքում շատ են խոսում ձեր մասին։ Մենք, իհարկե, ոչ մի զրպարտության հավատալու տրամադիր չենք, բայց ստիպված ենք դպրոցի օգտի համար խնդրել ձեզ, որ բարեհաճեք ներկայացնել ձեր հրաժարականը, ըստ որում ծնողներից շատերը որոշել են իրենց աղջկերանց դպրոց չուղարկել, եթե դուք այստեղ պաշտոն կունենաք։ Հույս ունինք մեր խնդիրը ձեզ չի վշտացնիլ, որովհետև մենք ակամա ենք առաջարկում նրան»։

Մի քանի րոպե գրեթե անզգայացած դրության մեջ մնալով՝ օրիորդը կրկին ձեռքն առավ հոգաբարձության գրությունը և սկսեց մտադրությամբ կարդալ նրան։ Երբ ընթերցումը ավարտեց, նա վեր կացավ աթոռից, դեն ձգեց գրությունը և վճռական ձայնով բացականչեց.

— «Ժամանակը հասավ, էլ ավելորդ է ապրել. սա է վերջին հարվածը, որ հասցնում է ինձ անիրավ ճակատագիրը. ես չեմ կարող նրա դեմ կռվել, ես մի թույլ, անօգնական կին եմ. իմ դժբախտ մահը թող բողոքե այսուհետև անարդար բռնության դեմ…

Եվ նա շտապով դիմեց դեպի մոր պահարանը. բացավ նրան և ուշադրությամբ սկսավ քրքրել մի փոքրիկ գզրոց։ Երկար պտրտելուց ետ վերջապես նա հանեց այնտեղից մի փոքրիկ փաթեթ և մի առանձին ուրախությամբ սեղմելով նրան յուր ձեռքի մեջ, դիմեց դեպի յուր առանձնարանը։

Բայց ո՞ւր գնաց Պետրոսը։

Աստղիկի հուսահատ դրությունը վերջապես ճնշեց նրա համառությունը. նա որոշեց դիմել յուր հորեղբորը և օգնություն խնդրել նրանից։

Թովմասը դահլիճի մեջ միայնակ անցուդարձ էր անում, երբ ներս մտավ Պետրոսը։