Այս էջը հաստատված է

ես դնում եմ ձեր առաջ այն քաղցր մտածողությամբ, թե` եթե ձեզանից որևէ մեկին վիճակված է ժառանգել այ միանձնուհվո հոգին, ապա իմ հիշատակարանը կարող է նրան սփոփել և մանավանդ թե կազդուրել, եթե բարձած խաչի ծանրությունը հոգնեցնե այդ խաշակրին:

188* մայիս 25, X. քաղաք.

Մայիսը վերջանում է։ Արևի ճառագայթները ջերմացնելու փոխարեն սկսել են այրել. քաղաքի օդը գնալով թանձրանում և ապականվում է: Բժիշկը խորհուրդ է տալիս ինձ հեռանալ ամառանոց, որովհետև նա էլ գիտե, որ դեռ կամենում եմ ապրել։

Մեր ամառանոցները ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր գավառի հովահար գյուղերը, կպած լեռների կանաչ լանջերին, կամ թառած բլուրների կատարների վրա, ուր օդը զվարթարար, ջուրը անապակ և կյանքը խաղաղ է միշտ:

Այդ գյուղերից մինը ես պիտի ինձ համար ընտրեմ ամառանոց։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ շատ չհեռանալ քաղաքից, որպեսզի թե՛ իրենք միջոց ունենան ինձ այցելելու և թե՛ իմ օրերը միօրինակ չանցնեն: Բայց ես որոշել եմ հեռանալ այնպիսի գյուղ, որ քաղաքից կտրված լինի շատ ու շատ լեռներով։ Ցանկանում եմ ապրել այնպիսի մի տեղ, ուր մարդկանց հետ միասին ապրում է նաև նահապետականությունը, ուր կյանքի պարզության հետ պահպանվում է նաև բարքի մաքրությունը, սրտի անկեղծությունը։ Ես հոգնել, ձանձրացել եմ սովորական կյանքից, սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որն յուր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող։ Այժմ արդեն պտրում եմ նախկին մարդն ու նրա անխարդախ և, թեկուզ, կիսով չափ վայրենի ընկերակցությունը։

Գուցե այս էլ նյարդային հիվանդության քմահաճույք է, ինչպես բժիշկս է նկատում, չգիտեմ, միայն ինձ թվում է, թե այդ տեսակ ընկերակցության մեջ իմ սիրտը հանգիստ և հոգիս խաղաղ պիտի լինի։ Այստեղ էլ, ճիշտ է ոչ ոք չէ վշտացնում ինձ, ամենքն աշխատում են իմ սիրտն ուրախացնել,