Այս էջը հաստատված է

գյուղում ոչինչ չէր ավելանում նրանց, ինչպես և դաշտում չէր պակասում ոչինչ։

Մի փոքր ժամանակ տավարածներին ընկերանալուց և նրանց անմեղ կատակներով զվարճանալուց հետո, առաջ վարեցինք մեր ձիերը և արևը մայր մտնելու մոտ հասանք գյուղի աղբյուրին, որ գտնվում էր շենից ներքև, կաղամախիներով հովանավորված մի ձորակի մեջ։ Աղբյուրի առաջ դրված էր ահագին կոճղից փորած նավակ, որ անասունների ըմպանակն էր։ Այդ իսկ ժամին, սափորներր ձեռքներին, շրջապատած էին նավակը բազմաթիվ հարս ու աղջիկներ, որոնցից յուրաքանչյուրը սպասում էր յուր հերթին առանց ձանձրանալու։ Որովհետև գեղջկուհիների ապահով տեսակցության տեղը միայն աղբյուրն է, ուր կարողանում են նրանք լսել որևէ նորություն կամ հաղորդել այդպիսին ընկեր-հարևանի, այդ իսկ պատճառով, նրանցից ամեն մեկը սիրով օգտվում էր իր հերթին սպասելու համար սահմանված րոպեներից։

Երբ մենք մոտեցանք փորածո նավակին մեր ձիերը ջրելու, իսկույն հարսները մի կողմ քաշվեցան երեսները դեպի կաղամախիներն, իսկ թիկունքները դեպի մեզ դարձնելով, բայց աղջիկները չհեռացան. նրանք հետաքրքիր աչքերով դիտում էին, մանավանդ ինձ, որ երևի իբրև քաղաքացի, մի բանով արժանանում էի նրանց հետաքրքրության:

Երբ ձիերը հագեցան, Պետոն առաջնորդեց ինձ դեպի տանուտեր Ակոբի տունը։ Բայց մինչև այդտեղ հասնելը բավական թվով շներ թափվեցան մեզ վրա և սկսան իրենց անընդհատ հաչյունով հետևել մեզ։ Նրանցից սրտոտները գնում էին առաջից. աշխատելով իրենց աղմուկով ձիերի ընթացքը կասեցնել, իսկ թույլերը գալիս էին ետևից և ծուլաբար ոռնում։ Թվում էր, թե գյուղում տղամարդ չկա։ Տների սրահներում (էյվան) երևում էին միայն կանայք, որոնք կամ ճախարակն էին հավաքում, կամ հավերը տուն անում և կամ վառած թոնրի ու օջախի շուրջը պտտում։ Իսկ բակերում և կտուրների վրա խաղում ու վազվզում էին բոկոտն ու կիսամերկ երեխաներ։

Բոլորովին անսպաս տեղից դուրս եկավ գյուղի գզիրը,