Այս էջը հաստատված է

էր, որի միջից մի ընդարձակ խորաձոր, տեղ-տեղ անտառապատ, ձգվում էր հյուսիսից դեպի հարավ՝ անսահման երկարությամբ։ Նրա լայնադիր խորքերը դեռ բռնված էին ծուխի պես թանձր մշուշով, որով և խորաձորը ջրապարփակ ծովածոցի նմանություն էր բերում։ Հետզհետե՝ առաջանալով մենք տեսնում էինք հեռվում արևով ողողված հովիտներ, մարգեր ու մարմանդներ, որոնց վրա ճապաղում էին ոչխարի հոտերն ինչպես միջօրեի սպիտակ ամպեր՝ լողացող կապուտակ երկնակամարի վրա։ Դրանց՝ հաջորդում էին բազմաթիվ թումբեր ու բլուրներ, որոնցից մոտիկները կանաչով, իսկ հեռավորները՝ մշուշով ծածկված. ապա շղթայաշար լեռներ, որոնք կոնակավետ բարձրություններով հաջորդում էին միմյանց մերթ ահարկու և պարեխավոր մերթ անտառապատ և գեղատեսիլ գագաթներով։

Մեր ճանապարհն առժամանակ սարի բաշովն էր անցնում։ Ապա իջանք ձորի եզերքը, ուր մի նեղ կածան գնալով հակվում էր դեպի անդունդը։ Ձիերը այդտեղով քայլում էին զարմանալի զգուշությամբ, որովհետև ամենափոքր տատանումը կարող էր գլորել նրանց դեպի ահարկու զառիվայրը, որի ստորոտը անտեսանելի էր վերևից։ Քիչ ժամանակից հետո նորեն սկսանք բարձրանալ, բայց այժմ արդեն չոր բլրակի կողերով, որոնց վրա բարձրից հոսող հեղեղները պատռվածքներ բանալով, աննշմարելի էին կացուցեք ճանապարհի հետքերը։ Ձիերը շարունակ սահում էին այդ զառիվայրի վրա, որովհետև հողը փխրուն լինելով փշրվում էր նրանց սմբակների տակ։

Բարերախտաբար անախորժ ճանապարհը կարճ էր: Բլրակը անցնելուց հետո, մենք մտնում էինք մի կանաչ թավուտ, որին ապա հաջորդում էր գեղեցիկ անտառ։ Այստեղ արահետը թեպետ անհարթ ու մանվածապատ, սակայն հետզհետե հովանավորվում էր սաղարթախիտ ծառերով։ Արևի ճառագայթները չէին թափանցում, և մենք շարունակ գնում էինք բնական ծառուղիների միջով։ Օդը թեթև ու ախորժելի էր և տոգորված նուրբ բուրմունքով։ Փոքրիկ զեփյուռը, որի շունչը չէր լսվում բաց ճանապարհի վրա,