Այս էջը հաստատված է

Մի փոքր հեռու տատանում էին ուղղաբերձ կաղամախին, սգատերև նոճին և այլ բազմազան ծառեր, որոնք տասնյակ հազարներով ծածկում էին սյունյաց այդ դժվարագնաց լեռները, ձորերը և լանջերը:

Այդ միջոցին, իսկապես, մենք գտնվում էինք ամենաբարձր լեռներից մեկի լանջին, որտեղից ծառերի միջով դեպի վար նայելուց երևում էին մեզ այն բլուրներն ու ձորերը, որոնց վրայով քիչ առաջ անցել էինք. զարմանում էի, որ այժմ գտնվում ենք այդպիսի բարձրության վրա, ուր հասել էինք գրեթե անզգալի կերպով։ Օդը սակայն այստեղ խոնավ էր և ցուրտ, հողմի շունչը նույնպես ավելի զգալի, իսկ գետին՝ արևի պակասության պատճառով կանաչազուրկ և թաց։ Անտառի լռության մեջ, որ զգալի էր լինում հողմի վայրկենական դադարից հետո, տարօրինակ ձայներ էին հանում մեր ձիերի քայլվածքը, նամանավանդ ցեխոտ տեղերում, ուր թվում էր, թե չարաճճի տղաներ լճակի ափին կանգնած՝ քարեր են ճղփացնում նրա խաղաղ ջրի մեջ։

Կեսօրից քիչ անցած՝ հասանք մի հորդ աղբյուրի, որ բխում էր մամռապատ ժայռերի միջից և կարկաչելով թափվում դեպի ձորակը տանող զառիվայրը։ Նրա մոտ իջանք ձիերից, լվացվեցանք և նստելով մի կնձենու հովանիում, բացինք տանուտերի կնոջ մեզ համար պատրաստած պաշարը, որ բաղկացած էր տապակած վառեկներից, եփած ձվերից, պանրից և մի քանի հատ նոր թխած հացերից: Եվ որովհետև այսօր երեկվա ժամանակից ուշ էինք ճաշում, այդ պատճառով էլ ավելի քաղցած էինք։ Եվ չնայելով որ գինին քիչ էր, և նրա պակասը ստիպված էինք աղբյուրի սառը ջրով լրացնել, այսուամենայնիվ, ճաշն արինք մեծ ախորժակով։

Մի փոքր հանգստանալուց հետո, երբ պատրաստվում էինք մեր ճանապարհը շարունակել, նկատեցինք, որ ամպերը հյուսիսը ծածկեցին և կամաց-կամաց առաջանալով տարածվում են արդեն մեր գլխի վրա։

— Անձրև պիտի ուտենք,— նկատեց առաջնորդս։

— Կարծում ես, որ կանձրևե՞,— հարցրի ես։