Այս էջը հաստատված է

— Փառք պիտի տանք, եթե միայն անձրևե. ես փոթորկից եմ վախենում,— պատասխանեց Պետոն հոնքերը կիտելով։

Ես չէի հավատում նրա գուշակությանը, որովհետև փոթորկի նշան դեռ չէի տեսնում, այդ պատճառով էլ շատ չանահանգստացա։ Մենք հեծանք ձիերը և շարունակեցինք ճանապարհը։

Հազիվ անցավ քառորդ ժամ, և ահա հյուսիսը սկսավ փչել և քամու հետ միասին ցրվել աջ ու ձախ անձրևի խոշոր կաթիլներ։

— Այս նշան է, որ փոթորիկը հեռու չէ,— ասաց Պետոն և սկսավ փաթաթվիլ յուր այծենակաճի մեջ, որ գյուղացու միակ պահպանակն է ցրտի և անձրևի դեմ։

Ես էլ իմ խժե վերարկուն հագա և գլխիս քաշեցի նույն խժե կտորից շինված վեղարը, որոնք ջրից անթափանց լինելով, հարմար պահպանակներ են անձրևի ժամանակ։

— Պատահե՞լ ես երբևիցե փոթորկի,— հարցրեց ինձ Պետոն։

— Ինչո՞ւ չէ. աշխարհում չե՞մ ապրում,— նկատեցի ես:

— Քաղաքի մեջ չեմ ասում, այլ անտառում, կամ լեռան վրա։

— Ո՛չ,— պատասխանեցի ես։

— Է՜հ, լավ, հիմա կտեսնես և կծանոթանաս մի քիչ մեր քաշած օրերին։

Կարծես Ելովոսը Պետոյի վերջին խոսքին էր սպասում: Օդը կամաց-կամաց սկսավ մրրկիլ, անձրևը սաստկացավ, մի կատաղի քամի շառաչեց հանկարծ անտառի մեջ այնպիսի սաստկությամբ, որ հինօրյա ծառերը արմատից սկսան տատանիլ։

Ես ցնցվեցա ձիու վրա և հանկարծակիի եկածի նման սկսա երերվիլ թամբի մեջ։

— Պինդ սեղմիր ոտքերդ ձիու կողերին, եթե չէ, վրայից կարող ես գլորվել,— զգուշացրեց ինձ Պետոն և օդի մեջ ծածանող յուր այծենակաճը սկսավ ամփոփել և քղանցքները սեղմել ծնկների տակ։

— Անհոգ կա՛ց, պինդ եմ նստած,— ասացի նրան