Այս էջը հաստատված է

մերթ հուսահատ եկել, անցել են յուր մոտից՝ հայրենի սահմանների վրա կռվելու համար. քանի՜սը հաղթական վերդարձել, քանի՜սը սպառ-սպուռ ջնջվել… թե որքա՜ն ժողովուրդ, թշնամու երեսից հալածական, Սյունյաց ամրություններին ապավինելու համար, իրար թևակոխելով, անցել յուր մոտից, թե որքա՜ն հալածանքների ու կոտորածների հանդիսատես է եղել ինքը և որքա՜ն ողբացել հայրենի երկրի ավերմունքների համար… կամ գուցե, պատմեր մխիթարական դեպքեր, որոնք սովորեցնեին մեզ դեն ձգել մեզանից հուսահատությունը և անշարժությունը դատապարտող հոռետեսություն և խրախուսվիլ լավագույն մարդկանց փառավոր օրինակներով… Մի երրորդ տեղ պատահում է հրաշալի ջրվեժ, որ ահագին աղմուկով թափվում է լեռան բարձրությունից և ամբողջ ձորը որոտումով լցնում: Նրա շառաչման արձագանքը անլռելի երաժշտության նման հնչում է մինչև անգամ հեռու լեռներում։ Կանգնելով ջրվեժի առաջ և վայելելով անուշ զովը, ուր ուժգին հոսանքը սփռում է երեսիդ, ընդնմին ցողելով վրադ ջրի մղեղ փոշին, ցավում ես, որ միայնակ ես, որ զվիցարական գեղեցկությանը սիրահարները չեն ընկերանում քեզ, որպեսզի քո հայրենիքի բնական գեղեցկություններով պարծենայիր նրանց առաջ…— Վերջապես մի չորրորդ տեղ դու ակամա կանգնում, նայում ես կիրճի երկու կողմից օդի մեջ կախված միակտուր ամբարտակներին, որոնք, կենդանակերպերի նման, գնալով մոտենում են միմյանց և այդպիսով հորինում մի բնական կամուրջ կիրճի անդունդում որոտացող գետակի վրա։ Զվարճությամբ լսում ես այն առասպելները. որ գյուղացին համոզմունքով պատմում է այդ կամրջի մասին, աշխատելով հավատացնել քեզ թե՝ այդ հրաշալիքը սատանաներն են շինել մեղավոր հոգիներին դրա վրայով դեպի դժոխքը առաջնորդելու համար։

Արևը մայր մտնելու մոտ դուրս եկանք Ուզուն-Դարայից և սկսանք բարձրանալ դեպի Ն․ գյուղի բարձրությունները, որոնք հետզհետե մացառուտից ազատվելով՝ ծածկվում էին նոր դեղնող արտերով։ Ճանապարհը գնալով լայնանում և արահետ էր դառնում։ Մեզ պատահում էին գյուղացիներ,