Երիտասարդի հրամանով մի ծառա սկսավ մեր ձիերը պտտեցնել, մինչև որ նրանց քրտինքը ցամաքեր և ապա ախոռը տաներ։ Իսկ մենք հյուրընկալի առաջնորդությամբ մտանք սրահը, ուր երիտասարդի ամուսինը մի ակնթարթում արդեն ընդարձակ թախտի վրա փռել էր մաքուր գորգ և վրան էլ օթոց։
Քահանան տանը չէր։ Իմ հարցին թե՝ ո՞ւր է նա, երիտասարդը պատասխանեց թե՝ դեռ եկեղեցուց չէ վերադարձել։
—Մի՞թե այստեղ այդպես ուշ են սկսում ժամերգությունը,— հարցրեցի ես։
—Միայն շաբաթ երեկոները, որպեսզի հանդից վերադարձողը կարողանա եկեղեցի գնալ։
«Գեղեցիկ կարգ է»,— մտածեցի ես և հենց պատրաստվում էի հարցնել թե՝ արդյո՞ք հին սովորություն է դա, թե տեր-հայրն ինքն է սահմանել, մեկ էլ տեսա, որ վերջինս բակը մտավ։
Դա բարձրահասակ, առողջակազմ, ալեխառն մորուքով և քաղցրադեմ մի քահանա էր, որ առաջին վայրկյանից իսկ ախորժ տպավորություն արավ ինձ վրա։ Նրան տեսնելուն պես ես ոտքի ելա և հառաջանալով, համաձայն գյուղի սովորության, աջը համբուրեցի։
Տեր-հայրր շատ սիրով ընդունեց ինձ և ձեռս բռնած բերավ իմ տեղը նստեցրեց։ Շուտով մենք ծանոթացանք միմյանց։ Ես իմ ո՞վ, ո՞րտեղից լինելը և ի՞նչ նպատակով իրենց գյուղը գալս հայտնեցի. իսկ ինքը, մանրամասն տեղեկություններով, ծանոթացրեց ինձ յուր անձին ու ընտանիքին։
Տեր-Հովսեփ հայրը, ինչպես ինքն ասաց, հիսունևվեց տարեկան էր և քահանայի որդի։ Ձեռնադրված էր 1859 թվականին Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանից։ Մարիամ տիրուհին 8 տարով իրենից փոքր էր և նույնպես քաջառողջ մի կին, որ տեր-հոր գալուց հետո միայն եկավ և բարևեց ինձ։ Նրանք ունեին երկու որդի, որոնցից մեծը, Սարգիս անունով, մեզ ծանոթ երիտասարդն էր և 28 տարեկան լինելով` արդեն ամուսնացած և մի տղայի էլ տեր էր։ Հարսի անունը Հերիքնազ էր, որ տեր-հոր հրամանով եկավ ինձ