բարևելու և, գյուղական սովորության համաձայն, կամենում էր ձեռս համբուրել, բայց ես թույլ չտվի և միայն բարեկամաբար ձեռը սեղմեցի։ Գեղեցի՞կ էր թե ոչ, չիմացա, որովհետև երեսն ամբողջապես ծածկված էր չարղաթով— թեպետ տեղական սովորության համաձայն, իբրև երեխա ունեցող կին, նա իրավունք ուներ արդեն երեսը կիսով չափ բանալու։ Տեր-հայրը գովում էր, որ նա ժրագլուխ և աշխատասեր կին է։ Քահանայի կրտսեր որդին, Հակոբը, 25 տարեկան էր։ Նրան նոր էին նշանել, այդ պատճառով էլ այդ իր տանը չերևաց, որովհետև մերձակա գյուղը՝ աներոջ տունն էր գնացել։
Տիրուհին ամենից առաջ շտապեց մեզ համար պատրաստել թեյ, որ վաստակած ճանապարհորդի համար ամենադուրեկան ըմպելիքն է լինում։ Եռացրեց նույնպես նոր կթած կաթ և դրա հետ միասին բերավ նոր թխած գաթա, որն, յուր ասելով, նորահարսի համար այդ օրը պատրաստած և ղրկած «պաշարից» էր։
Մենք վայելում էինք տիրուհու պատրաստած բարիքը և շարունակ խոսում։ Տեր-հայրը խիստ հետաքրքրում էր ինձ յուր խոսակցությամբ և հայտնած կարծիքներով։ Դրանցից մի քանիսը լսելուց հետո, ես եկա այն եզրակացության, որ նա գռեհիկ քահանաների թվին չէ պատկանում։ Իբրև գյուղական քահանա, նա մինչև անգամ ավելի բան գիտեր, քան սպասելի էր։ Ինձ շատ զարմացրեց մանավանդ այն, որ նույնիսկ օրվա խնդրի մասին, որ այդ ժամանակ կաթողիկոսական ընտրությունն էր, նա նորություններ գիտեր և հայտնում էր բանավոր կարծիքներ։ Նա ծանոթ էր ոչ միայն Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և Մելիքսիդեկ սրբազանի անուններին, այլև նրանց գործերին, անձնական արժանիքներին և կենսագրությանը։ Նա հարցնում էր ինձանից նաև բացատրություններ՝ նկատմամբ լրագրական այնպիսի ակնարկությունների, որոնք յուր ուշադրությունից չէին վրիպել: Իմ տարակուսանքն, իհարկե, փարատվեց, երբ իմացա, որ տեր-հայրը ստանում է Թիֆլիսում հրատարակվող հայոց թերթերը։ Հասկանալի է, որ լրագիրը շատ բան կսովորեցներ նրան։ Բայց և այնպես