Այս էջը հաստատված է

պսակվել։ Բացի այս, դուք մեզ մոտ կտեսնեք գեղեցիկ կարգեր ու սովորություններ, որոնք մյուս գյուղերում չկան, դրանք բոլորը նույնպես քույր-Աննային ենք պարտական: Միով բանիվ, այդ կույսը մեր բարերարը և խնամակալուհին է, որին, կխնդրեմ աստծուն, պարգևել երկար կյանք և առողջություն:

Տեր-հոր պատմածները վերին աստիճանի գրգռեցին իմ հետաքրքրությունը։

— Բայց ո՞վ է, վերջապես, այդ կինը, ո՞րտեղացի է, ո՞րի աղջիկն է, ո՞րտեղ է սովորել,— հարցրեցի ես շտապավ։

— Նա միանձնուհի է,— պատասխանեց քահանան միամտաբար։

— Բայց ո՞րտեղից, ո՞ր կուսանոցից։

Տեր-հայրը մնաց կանգնած։ Նա չէր կարողանում որոշ պատասխան տալ, ուստի մի փոքր մտածելուց հետո, ասաց.

— Ճշմարիտը խոստովանած, չգիտեմ։

— Բայց մի՞թե այսքան տարիների ընթացքում երբեք չհետաքրքրվեցիք իմանալ թե՝ ո՞րտեղից է նա լույս ընկել այս լեռների մեջ։

— Ի՞նչ մեղքս ծածկեմ, չեմ հարցրել, այսքանը միայն գիտեմ, որ նա միանձնուհի է և գալով մեր գյուղը, հավանել է նրան և վճռել ապրել այստեղ և օգտավետ լինել մեզ։

— Իսկ նա հասակավո՞ր է, թե՞ երիտասարդ։

— Նրա տարիքը քառասունից ավելի է։

— Ուրեմն այդքա՞ն միայն գիտեք նրա մասին։

— Այո՛, միայն այսքան։

Այժմ ես տեսա, որ տեր-Հովսեփս ինքնիրեն բուսած մի ծառ չէ, այլ անշուշտ, այդ խորհրդավոր կնոջ ստեղծագործածն է։ Տեր հոր այն խոստովանությունը, թե այդքան տարիների ընթացքում չէ հետաքրքրվել այդ կնոջ ով լինելն իմանալու, ինձ անկեղծ էր թվում, ուստի նրա վարկը որոշ չափով նվազեցավ իմ աչքում, որովհետև այդպիսի մի անտարբերությունը հանցանքի չափ ծանր էր թվում իմ աչքում։ Բայց հետո մտածեցի, թե գուցե այդ կինը ինքն է փախուստ տվել քահանայի հետաքրքրությունից, առիթ