Այս էջը հաստատված է

օրըստօրե սառչում է եկեղեցուց, առանց սակայն մի ուրիշ հոգեշահ գործի մոտենալու։

Գրեթե զոռով ներս մտա եկեղեցին և զոռով էլ առաջ անցա, որովհետև խռնված բազմությունն յուր միջից անցնելու ճանապարհ չէր թողել։

Եկեղեցում, ամենից առաջ, ուշադրությունս գրավողը բազմախումբ դպիրների երգեցողությունն էր, որին ես երբեք չէի սպասում։ Ավելի հառաջանալով՝ ավելի ևս զարմացա, տեսնելով, որ մոտ 20 հոգուց բաղկացած խմբի մեջ տղաների հետ միասին կանգնած էին և հասակակից աղջիկներ, որոնց բոլորին դպրապետություն էր անում բարձրահասակ, գլուխը սև շղարշով փաթաթած և մթագույն շապիկ հագած մի կույս, հար և նման մեր կուսանոցի միանձնուհիներին։

Իսկույն հիշեցի տեր-Հովսեփի կույս-Աննան և չերկմրտեցի, որ իմ առաջ կանգնած դպրապետուհին նա ինքն է։ Բայց նախքան կույսի անձով հետաքրքրվելս, իմ լսելիքը գրավեց սրբասացության խորհրդավոր երգը, որ նա հրաշալի ձայնով սկսավ երգել։ Բայց ինչ երգ, ինչ ձայն էր այն։ Ոչ մի եկեղեցում նմանը չէի լսած։ Մի քանի րոպե ինձ այնպես թվաց, թե հնչող ձայնը ո՛չ թե մարդկային կրծքից, այլ մի կախարդական սրնգից, կամ երգեհոնի միջից է բխում, այնքան հնչեղ և, միևնույն ժամանակ, գողտրիկ ու ախորժալուր էր նա։ Երգչուհու ձայնը, նայելով երգի աստիճաններին, գնալով զորանում ու զվարթանում էր, եկեղեցու կամարները կարծես ձայնակցում էին նրա դյութական հնչյուններով։ Ես հիացա, հափշտակվեցա և գյուղական եկեղեցում գտնվելս մոռացա։ Ես ամբողջապես լսելիք էի դարձել, նույնն էր և ժողովուրդը. ո՛չ ձայն, ո՛չ շշուկ։ Բոլորն էլ հափշտակված լսում էին հրաշալի մեղեդին և ջերմեռանդությամբ աղոթում։ Եվ որքա՜ն սեր, որքա՜ն հավատ այդ ծնկաչոք և ձեռնամբարձ պաղատողների մեջ… չգիտեմ ինչպե՜ս, ես էլ արդեն չոքել էի խոնավ գետնի վրա (որն ուրիշ տեղ չէի անում) և գյուղացիների հետ միասին աղոթում էի… Եվ իմ երիտասարդական կյանքի մեջ դա առաջին ջերմեռանդ աղոթքն էր…