Այս էջը հաստատված է
Հունիս 5

Հետևյալ օրը, վաղ առավոտից, զբոսնում էի եկեղեցուն մոտ գտնվող անտառակում։ Սքանչելի եղանակ էր։ Ցանկանում էի մի քանի ժամ անցցնել այդտեղ, բայց դպրոցական զանգի ձայնը լսելով` շտապեցի այն կողմը։

Պատշգամբի վրա պատահեցի քույր֊Աննային, որ քաղցր ժպիտով իմ ողջույնն ընդունեց։

—Ներեցե՛ք, որ այսքան վաղ եմ այցելում ձեր դպրոցը,—ասացի ես,— որովհետև ցանկանում եմ օրվա բոլոր պարապմունքին ներկա գտնվիլ։

—Շնորհ արե՛ք, խնդրեմ, դուք մեծ հաճույք կպատճառեք ինձ, հրամեցեք, լսեցեք, հարցաքննեցեք,—պատասխանեց քույր֊Աննան ուրախ պատրաստակամությամբ։

—Հարցաքննե՞լ, ո՛չ. մի խոսքով անգամ չեմ խանգարիլ ձեր պարապմունքը. միայն կլսեմ,—ասացի ես, և մենք միասին մտանք դպրոցի առաջին դասատունը։

Մաքուր և ընդարձակ սենյակի մեջ, մի քանի կարգ կոկիկ նստարանների վրա, շարված էին աշակերտները մեկ՝ և աշակերտուհիները՝ մյուս կողմից։ Երբ ներս մտանք, բոլորը համեստությամբ ոտքի ելան, ողջունեցին մեզ և վարժուհու հրամանով սկսան երգել առավոտյան աղոթքը, որ եկեղեցում լսածս երգեցողության չափ քաղցր էր և ներդաշնակ։

Աղոթքից հետո սկսվեց դասը, որ հայոց լեզվից էր: Դասագիրքն էր ավետարան, որից աշակերտները կարդում, թարգմանում և գրատախտակի վրա գրում էին։ Վարժուհին սիրով ու աշխույժով բոլորին հարցնում, լսում, ուղղում և բացատրում էր։ Իրենք աշակերտներն էլ Սյունյաց երկրի ծնունդ լինելով՝ մեծ մասամբ ընդունակ և սրամիտ երևացին ինձ. պատասխանողներից ոչ մինը դժգոհություն չպատճառեց վարժուհուն։

Հետո քույր-Աննան սկսավ խոսել նոր դասը՝ կարդալով ավետարանից մի ուրիշ գլուխ և թարգմանելով։ Դժվարիմաց բառերն ու մտքերը նա ուշադիր հոգածությամբ բացատրում և հասկացնում էր, կրկնել տալով նույնը թույլ աշակերտներին: