Այս էջը հաստատված է

— Իմ մորեղբորից, ընդհակառակը, ես այդ աստիճան ստորություն չեմ սպասում, նա թույլ չի տալ իրեն աղարտել իմ հայրական տան պատիվը։

— Այդ հետո կտեսնենք, — ծիծաղելով պատասխանեց իշխանը, լսելով Սիմբրյանի ձայնը, որ յուր քրոջ հետ խոսելով մոտենում էր Ամալիայի սենյակին, ստիպեց աշակերտուհուն մի բան երգելու, որպեսզի իրենց մտերմական խոսակցության վերա չպատահեն, իսկ ինքը ձախ կողմից սկսավ մեղմով զարկել դաշնամուրի ստեղունքները, կեղծելով, իբր թե ձայնակցում է երգին։

— Ամալիա, երևի դու ցանկանում ես Շտոլցի[1] հացը խլել,— ծիծաղելով նկատեց Սիմբրյանը, քրոջ հետ միասին մտնելով նրա սենյակը։

— Գուցե մի օր նրան կգերազանցե,— շողոքորթեց օրիորդին ուսուցիչը,— այժմ դեռ վաղ է։

— Ես էլ այդ հավատն ունիմ Ամալիայի վերա, մանավանդ, երբ իշխանն է նրա վարժապետը,— պատասխանեց Սիմբրյանը և բազկաթոռն առաջ քաշելով նստեց դաշնամուրի մոտ։ Բայց վարժապետը կարծես գուշակեց, որ քույր ու եղբայր խոսելիք ունեին յուր աշակերտուհու հետ, ուստի դասը կարճ կտրելով հեռացավ։

— Քեզ մի շատ լավ նորություն ունիմ հայտնելու, Ամալիա,— սկսավ խոսել Սիմբրյանը,— ի՞նչ ես խոստանում ինձ, որ հայտնեմ։

— Առաջ հայտնի՛ր, որ արժեքը տեսնեմ,— սառնությամբ պատասխանեց օրիորդը, գուշակելով մորեղբոր հառաջաբանության հետևանքը։

— Մենք, այսինքն ես և մայրդ, որոշել ենք քեզ ամուսնացնել, ի՞նչ ես կարծում, լա՞վ որոշում ենք արել, թե՞ վատ։

— Կարծում եմ դեռ իմ ամուսնանալու ժամանակը չէ, սիրելի մորեղբայր, ուրեմն ձեր որոշման մասին կարծիք հայտնել չեմ կարող։

— Սխալվում ես, սիրելիս, ուրիշները ամուսնանում են դեռ տասնհինգ կամ տասնվեց տարեկան հասակում, իսկ դու

  1. օպերայի մի երգչուհի Թիֆլիսի թատրոնում