Այս էջը հաստատված է

կարող ձեզ հետաքրքրել։ Կան դրություններ, որոնց պատճառած հաճույքն ու վիշտը զգալու համար, պետք է անպատճառ այդ դրություններին ենթարկվել։ Հետևապես, նա, որ միայն այդ դրությունների նկարագիրն է լսում և բնականաբար չի բաժանելու դրանց պատճառած հաճույքն ու վիշտը, կարող է ակամա ցավ պատճառել նկարագրողին։ Թույլ տվեք, ուրեմն, որ ես այդ մասին ոչինչ չխոսեմ։

— Չեմ կարծում, թե դուք կամենում եք ինձ վիրավորել, բայց հավատում եմ, որ զգալու և հասկանալու ընդունակ չեք համարում ինձ, այդ դեպքում ինձ մնում է ետ առնեք իմ խնդիրը,— վշտացած նկատեցի ես։

— Որպեսզի ապացուցանեմ, թե դուք սխալվում եք, ես կկատարեմ ձեր խնդիրը,— ասաց քույր-Աննան քաղցրությամբ.— Բայց ես այդ կանեմ ո՛չ այս րոպեին։ Ինձ ժամանակ պիտի տաք ամփոփելու հիշողությանս մեջ քսան տարի առաջ տեղի ունեցած անցքերի պատմությունը։

— Շնորհակալ եմ, դուք ինձ ամենամեծ պատիվն եք անում. ուրեմն երեկոյան դեմ շնորհ կունենամ ձեզ լսելու,— ասացի ես։

— Այդքան շո՞ւտ,— նկատեց քույր-Աննան ժպտալով,— դուք, ուրեմն, կխեղդեիք ձեր պարտապաններին, եթե նրանք պայմանաժամը չհարգեին։

— Այդ դեպքում անպատճառ,— պատասխանեցի ես ծիծաղելով,— ձեր պարտքը այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ ես ժամ առաջ կկամենայի գանձել այն։

- Թող այսպես լինի,— ասաց քույր-Աննան, և ես շնորհակալություն հայտնելով հեռացա։

Հունիս 11

Նշանակած ժամին դպրոցումն էի, բայց քույր-Աննային տանը չգտա։ Ուսումնարանի աղախինն ասաց թե՝ նա հենց նոր օրիորդ Մանիշակի հետ իջավ փոքրիկ անտառակը, որ գտնվում է եկեղեցուց ներքև։ Ես ևս այն կողմն իջա, պտրեցի նրանց, բայց չկարողացա գտնել։ Մոտիկ հոսող առվակի ափին, հովանավոր լաստենու տակ, շինված էր մի տախտակե նստարան, որի վրա նստա և սպասեցի