Այս էջը հաստատված է

յուր պաշտոնակիցների առաջ։ Բայց որովհետև իմ վարժապետ քահանայի ռուսերեն լեզվի պաշարը մեծ չէր, ուստի հարկավոր եղավ արքունական դպրոցի ուսուցիչներից մինին վարձել։ Վերջինս, թեպետ ծերուկ, բայց եռանդով էր պարապում ինձ հետ, այնպես որ կարճ ժամանակի մեջ հորս սպասածից ավելի առաջադիմություն ցույց տվի ռուսերենում։ Ես ոչ միայն ազատ խոսում ու գրում էի, այլև կարող էի մասնավոր վարժուհու պաշտոն կատարել:

Այնուհետև ինձ համար բացվում էր ասպարեզ համարձակ մտնելու այն շրջանները, ուր մեր քաղաքի զարգացած մարդիկ, կանայք և օրիորդներն էին լինում։ Գավառական քաղաքներում, առհասարակ, բարձր շրջանը կազմում են մի քանի ազնվական տներ և պաշտոնական անձանց ընտանիքներ։ Ես և՛ ազնվական, և՛ պաշտոնական մարդու աղջիկ էի։ Իմ հայրը, Սիմոն-բեկը, քաղաքի գավառապետի օգնականն էր։ Այդ մի մեծ պաշտոն էր այն ժամանակ։ Նա շենք ու շնորհքով մարդ էր և բավական ազդեցիկ։ Բացի այդ, նա յուր բարի և միշտ օգնող բնավորությամբ սիրելի էր ամենին, մեծից սկսած մինչև փոքրին։

Ինչպես մեր, նույնպես և մեր շրջանին պատկանող ընտանիքներում, հաճախ տեղի էին ունենում խնջույքներ, հացկերույթներ և պարահանդեսներ, ուր հրավիրված էր լինում քաղաքի ընտիր հասարակությունը։ Ես իմ ծնողների հետ գնում էի անխտիր ամեն տեղ։ Սիրում էի պարել, խոսել, ծիծաղել, ուրախանալ և ուրախացնել։ Ամենքը սիրում էին ինձ, ես էլ սիրում էի շատերին։ Ի՞նչ էր մտածմունքը, ի՞նչ էր տխրությունը, չգիտեի։ Բոլոր ժամանակ, որ նստած էի լինում տանը, ես զբաղվում էի միայն մի հաշվով.-ո՛վ և ե՛րբ պիտի այցելե մեզ. ո՛ւմ և ե՛րբ պիտի այցելենք մենք, ո՛վ ունի խնջույք, ո՛վ պարահանդես. ե՛րբ պիտի պարենք, ե՛րբ ուրախանանք… Ես մի անհոգ, անմեղ և միշտ հրճվող թռչնիկ էի։ Նույնիսկ ծնողներս, որոնց միամոր աղջիկն էի ես, ոչինչ չէին խնայում ինձ ուրախացնելու և զվարճացնելու համար։ Նրանք շրջապատում էին ինձ ամեն տեսակ գգվանքներով։

Այսպես անցավ կյանքս մինչև տասն և վեցերորդ տարին: