Այս էջը հաստատված է

ազատ խորհելու և ազատ գործելու բնական եռանդը։ Որովհետև հորս, որին ես մինչև այն ինձ առաջնորդ և իմ կյանքի ղեկավար էի ընդունում, տեսնում էի արդեն թափուր այն ուժից որ ես նրա մեջ երևակայել էի։ Այժմ կարծես մի նոր, մի զորեղ հեղինակություն էի որոնում, որին կարողանայի հպատակվել և որը կարողանար առաջնորդել ինձ դեպի լավագույնը, դեպի կատարյալը։ Որովհետև բոլոր այդտեղ խոսածներից, բոլոր իմ լսածներից ու հասկացածներից ես եկա այն եզրակացության, թե որքան փոքր ու չնչին արարած եմ ես, թե դեռ որքա՜ն շատ է պակասում ինձ փոքր ի շատե կատարյալ լինելու համար։

Երբ ներկա եղող հյուրերին առաջարկվեց խմել հայոց դպրոցների հառաջադիմության «կենացը», վարժապետներից մինը, որի համար հայոց լեզվի ու պատմության դասատու էին ասում, բարեկազմ, գրավիչ դեմքով ու կրակոտ աչքերով մի երիտասարդ, բաժակը ձեռքն առնելով սկսավ խոսել։ Նա բացատրում էր, թե ի՞նչ ուժ է դպրոցը և թե ի՞նչ կարող է անել նա։ Այդ պատճառով խոսում էր հայոց հին անցյալից — Մեսրովպի և Սահակա դարերից. պատմում էր նրանց սկսած և կատարած գործերը, խոսում էր մեր հին վանքերի մասին և այն գերազանց ոգվո ու զգացմանց համար, որ այդ վանքերը ներշնչել էին ուսանող երիտասարդությանը. խոսում էր երկար և վերջը գալիս այն եզրակացության՝ թե՝ մեր եկեղեցին և ուսումնարանը այն անբաժան ու սրբազան հաստատություններն են, որոնցից ներշնչված ուժով միայն մենք պիտի մաքառենք տգիտության և խավարի բռնության դեմ։ Այո՛, նա խոսում էր երկար․ բայց ի՞նչպես էր խոսում. կարո՞ղ եք միթե երևակայել։ Նրա խոսքերը նմանում էին մի հորդահոս աղբյուրի, որ խոխոջալով բխում է անսպառ ակունքներից և գետահետելով մարգերի, մարմանդների վրա՝ ոռոգում յուր ականակիտ և զվարթարար ջրով խոտ, բույս, թուփ, ծառ և ամենը, ինչ որ պատահում է նրան ճանապարհին՝ արևի կիզիչ ճառագայթներից պասքած ու թառամած…

Ես հիացած ու ակնկառույց նայում էի այդ երիտասարդին․ նայում էի և չէի կշտանում։ Նրա դեմքի վրա վառվում