Այս էջը հաստատված է

էր մի սուրբ, մի ազնվական կրակ, որի կայծերը թափանցում էին իմ սրտի խորքը, առանց որ ես կամենայի։ Չգիտեմ ինչո՞ւ, բայց ես հետևում էի հափշտակել նրա հայացքը, որի մեջ այնքան կյանք ու կենդանություն էին ցոլանում։ Նրա խոսքերը կարծես հրաշեկ երկաթով դրոշմվում էին իմ սրտին, ես կամենում էի, որ նա անվերջ խոսեր, որ ես շարունակ լսեի նրան… Պատահե՞լ է ձեզ երբևիցե գրավվիլ այնպիսի երգով, որը ցանկանայիք շարունակ ու անվերջ լսել և որի լռելը ցավ պատճառեր ձեր սրտին… Ահա՝ այդպիսի մի երգ էր երիտասարդի բանախոսությունը, որի վախճանը ես չէի ուզում տեսնել։ Բայց նա ավարտեց և դահլիճը թնդաց երկարատև ու անլռելի ծափահարությամբ:

Այդ երիտասարդի անունը Գարեգին էր։

Մի քանի օրից հետո ես կրկին պատահեցի երիտասարդ ուսուցչին մեր բարեկամներից մեկի տանը, ուր դարձյալ հրավիրված էր վարժապետական խումբը։ Հացկերույթն այստեղ էլ նույն բնավորությունն ուներ, ինչ որ մեզ մոտ։ Այստեղ էլ խոսքը, զրույցը, վիճաբանության նյութը հասարակական հարցերն էին և գլխավոր խոսողները՝ տեսուչն ու վարժապետները։ Բայց ամենին դարձյալ գերազանցեց երիտասարդ Գարեգնի ճառը, որը նա խոսեց նոր բացվելիք օրիորդական դպրոցի մասին։ Նա մատնացույց արավ մեր օրիորդների դաստիարակության անհրաժեշտությունը և հրավիրեց ներկա եղող կանանց աջակցել այդ սուրբ գործի հաջողությանը։ Մինչև այժմ էլ դեռ կենդանի են հիշողությանս մեջ նրա իմաստալից խոսքերը, որոնք դեռ այն ժամանակներից դրված են իմ հիշատակարանում և որոնց ես այսօր մի անգամ էլ կարդացի, որովհետև կամենում էի անցյալը նորոգել հիշողությանս մեջ։ — «Մոր կոչումը մեծ է և սուրբ,— ասում էր նա,— որովհետև նախախնամությունը նրան է հանձնել մարդկային ազգի բախտը, նրա ձեռքումն է գտնվում և եկող սերնդի ապագան։ Հետևապես մայրերը կարող են երջանիկ անել այդ սերունդը, կամ մատնել կորստյան։ Մայրն է, որ խնամում է այն մանկությունը, որ կրում է յուր մեջ կատարյալ հասակի արմատները։ Եթե այդ արմատներն առողջ են, եթե նրանք