Այս էջը հաստատված է

մեր մեջ սկսված այդ գործի ուսանելի անցյալով։ Եվ այդ է պատճառը որ այդ գործի հիմնադիր նա համարում է միայն վերջին ժամանակի այս ու այն գործչին, անտես անելով այդպիսով պատմական ճշմարտությունը։ Եթե դուք չեք պատկանում անցյալի ուսումնասիրությունից խորշող երիտասարդների թվին, ապա ուրեմն կարդացած կլինեք տեսչի այդ բանախոսությունը 64 թվականի «Մեղու»-ի համարներում, կամ 71 թվականի ամսաթերթում։ (Ես խոստովանեցի իմ անծանոթ լինելը հիշված թվականների թերթերին)։ — Հոգ չէ,— շարունակեց քույր-Աննան,— ես ունեմ «Սիոն»-ի համարը և կտամ ձեզ կարդալու այդ ճառը, որ կանանց լուսավորության գործի մի հրաշալի ներբողն է, որի նմանը չեմ հիշում, թե լույս տեսած լինի երբեք հայ լրագրության մեջ և որը մեծ նշանակություն ունի, մանավանդ այն պատճառով, որ արտասանվել է քառորդ դար մեզանից առաջ։ Արժեր, այսօր էլ այդ գրվածքը կարդային ամեն տեղ և յուրաքանչյուր հայ ծնող յուր աղջիկը դաստիարակելու գործում առաջնորդվեր նրա մեջ արտահայտված մտքերով։

Բայց ես դառնամ իմ պատմության։— Տեսուչը, որ յուր վեհ ու պատկառելի կերպարանքով գրեթե սուրբի տպավորություն էր անում մեզ վրա, յուր այդ ճառով այնպես վառեց ու բորբոքեց ներկա եղողներին, որ բացի առատ նվերները, որ ստորագրեցին նրանք անդրանիկ դպրոցի օգտին, այլև քառասունից ավելի տիկնայք որդեգրեցին աղքատներից մի-մի որդեգրուհի՝ խոստանալով հոգալ նրանց մտավոր ու նյութական բոլոր պիտույքը։ Նույնիսկ առաջնորդը հետևեց կանանց օրինակին՝ որդեգրելով երկու աղջիկների։ Այսպիսով ծնունդ առավ մեր քաղաքի անդրանիկ օրիորդական դպրոցը, որ կնքվեցավ Ս. Մարիամյան անունով։

Իմ ուրախությանը չափ չկար, երբ մի քանի օրից հետո, հայրս տուն վերադառնալով հայտնեց, թե օրիորդական դպրոցում արդեն բացվում է այն դասարանը, ուր ես և իմ ընկերուհիներն, իբրև հասակավորներ, առանձին պիտի հայերեն սովորենք Գարեգին վարժապետի մոտ։ Օ՜հ, ի՜նչ