Այս էջը հաստատված է

հրճվանքով, ինչպիսի՜ բերկրությամբ լսեցի ես այդ լուրը և ինչպե՜ս պինդ սեղմեցի հորս իմ կրծքին։

Հասավ ցանկալի օրը։ Վեց աշակերտուհիներ, բոլորս էլ համարյա մի աստիճանի զարգացումով, հավաքված օրիորդական դպրոցի մեզ համար նշանակված դասարանը, ուրախ-ուրախ խոսում և պատմում էինք միմյանց հազար և մի դպրոցական նորություններ և սպասում մեր սիրելի ուսուցչին:

Վերջապես նա եկավ և ողջունեց մեզ մի սրտաշարժ ճառով, ապա բաժանելով յուրաքանչյուրիս մի-մի ավետարան ու Եղիշե, ասաց. «Այս երկու գրքերը կլինեն ձեր ուսման սկիզբը ու վերջը»։

Մեզանից ոչ ոք, իհա՛րկե, չըմբռնեց այդ խոսքերի իմաստը։ Ես, մինչև անգամ, դժգոհ եղա, որ դեռ նոր պետք է ավետարան կարդամ, մի գիրք, որ արդեն քահանա վարժապետիս մոտ կարդացել, վերջացրել էի։ Ինձ վրա, նույնիսկ, մի տխուր հիասթափություն եկավ։ Ես ի՜նչեր էի երազել՝ թե պիտի սովորեմ Գարեգնի մոտ և այժմ ի՞նչ գրքեր էր նա մեր ձեռքը տալիս։

Բայց անցավ մի քանի դաս, և ես զղջացի իմ դժգոհության վրա, որովհետև տեսա թե որքան մեծ և որքան բարձր ուսում է եղել այդ՝ ինձ «մի հասարակ գիրք» երևացող՝ ավետարանի մեջ. ուսում, որն ըմբռնելու և յուրացնելու համար հարկավոր էր մեզ դեռ երկար աշխատություն։ Անշո՛ւշտ, նույնը կլիներ և՛ Եղիշեի գիրքը, որի մասին, իհա՛րկե, ես չէի կարող դեռ կարծիք հայտնել, բայց ավետարանի վրա առածս դասերից դատելով՝ արդեն հավատում էի իմ ուսուցչի արժանավոր ընտրության։

Այստեղ մենք ուսանում էինք կրոն՝ ավետարանի վրա, լեզու՝ Եղիշեի վրա, և ազգային պատմություն՝ վարժապետի բերանացի պատմածներով։

Կրոնի դասերն, իհա՛րկե, չէին նմանում այն դասերին, որ մի ժամանակ ավանդում էր ինձ քահանան. չոր ու ցամաք աղոթքների փոխարեն՝ ուսուցիչն այժմ ծանոթացնում էր մեզ ավետարանի վարդապետության, բացատրելով Քրիստոսի պատվերները պարզ և դյուրըմբնելի ոճով.