Այս էջը հաստատված է

ուսուցչիս այս առթիվ հայտնած շնորհակալությունը։ Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքս թռչում էր ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն։ Ինքս էլ չգիտեի ինչո՞ւ եմ նստել անգործ, ինչի՞ վրա եմ մտածում… Եվ երբ ուշաբերելով, նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ։ Շատ անգամ փախչում էի իմ ծնողների ընկերակցությունից, քաշվում էի սենյակս, կեղծելով, իբր թե գիրք եմ կարդում և սակայն այդտեղ անձնատուր էի լինում մտածության: Ի՞նչն էր, իսկապես, իմ մտածմունքի առարկան, չգիտեի, կամ գուցե թվում էր ինձ թե՝ չգիտեմ… Այսքանը ճիշտ էր, որ երևակայությանս առաջ հաճախ պատկերանում էր իմ ուսուցիչը։ Ես նայում էի նրան կարծես գողունի հայացքով, դիտում էի նրա զվարթ և վստահ պատկերը, նրա կյանքով ու կրակով լի աչքերը, լսում էի կարծես նրա քաղցրահնչյուն ձայնը, հոգեշունչ խոսքերը, խրատականները… և հանկարծ սթափվելով բարկանում էի ինձ վրա, խանգարում երևակայությանս թռիչքը, ցրում մտածողություններս և ինքս ինձանից կամենում էի փախչել, ինչպես մի մարդ, որ հալածվում է յուր խղճից՝ մի հանցանք գործած լինելու համար։ Եվ սակայն խիղճը չէր, որ հալածում էր ինձ, այլ բանականությունը, որ սրտիս հետ միացած փորձում էր մեղադիր լինել իմ անպարտ խղճին…: Շատ անգամ իմ մեջ զարթնում էին հակառակ զգացմունքներ, միմյանց հակասող հուզմունքներ։ Երբեմն մի հասարակ մտածմունք, որ կապ ուներ իմ բուռն ցանկությունների հետ, այնպիսի ուրախություն էր պատճառում ինձ, որ ես կամենում էի երգել, խաղալ, թռչկոտել։ Իսկ երբեմն, դարձյալ, մի չնչին պատճառից՝ տրտմությանն ու թախիծը պաշարում էին ինձ, մտքերս մոլորվում, և ես ուր գտնվիլս անգիտանում էի։

Մի քանի անգամ փորձեցի ստիպել ինձ՝ նախկին զգաստությամբ և աշխատասիրությամբ պարապել իմ դասերով, կամ առտընին գործերով։ Պատահում էր, նույնիսկ, հաղթահարում էի ինձ և շարունակում գործս ուշադիր լրջությամբ,